Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե նման անվտանգային միջավայրում ենք ապահովում այսպիսի տնտեսական աճ, ապա պատկերացնում եմ մեր պոտենցիալը խաղաղության ժամանակաշրջանում. Գևորգ Պապոյան

Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում վարչապետը ներկայացնում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

«ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս: Մեզ նման երկրների համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 3.7 անգամ ավելի արագ է աճել, օրինակ՝ 2022թ.-ին Ադրբեջանի տնտեսական աճը կազմել է 4.6 տոկոս»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը և հավելեց, որ 2005-ին Ադրբեջանն աճել է 28 տոկոսով, իսկ Հայաստանը՝ 10 տոկոսից մի քիչ ավելի. «Ահա այս ժամանակ ենք մենք պարտվել Ադրբեջանին, և իրենք ժամանակ էին ձգում, քանի որ հասկանում էին, որ մեր և իրենց տարբերությունն ավելի է մեծանում»:

Նրա խոսքով՝ կորցրած տասնամյակներ ենք ունեցել:

Խոսելով գնաճի մասին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանում գնաճը շատ ավելի ցածր է եղել, քան հարևան բոլոր երկրներում, օրինակ՝ Թուրքիայում գնաճը կազմել է 72 տոկոս, Իրանում՝ 49 տոկոս. «Մեզ մոտ գնաճը եկել է 5.4 տոկոսի, ինչը այն նշաձողի մեջ է, որը ԱԺ-ն դրել է ԿԲ-ի առաջ»:

Ինչ վերաբերում է միգրացիոն քաղաքականությանը, պատգամավորն ասաց, որ 2018-2022թթ. Հայաստանի Հանրապետություն է մուտք գործել 32.360 ավելի շատ մարդ, քան դուրս է եկել. «Սա մի ժամանակաշրջան է, երբ ունենք դրական միգրացիա, և պետք է խոսենք ոչ թե արտագաղթի մասին, այլ ներգաղթի, քանի որ ներգաղթողների թիվն ավելի շատ է»:

«Եթե նման անվտանգային միջավայրում կարողանում ենք այսպիսի տնտեսական աճ ապահովել, ապա պատկերացնում եմ, թե հայ ժողովուրդն ինչպիսի պոտենցիալ ունի, եթե նրանց համար ապահովվի ինչ-որ մի խաղաղ ժամանակաշրջան»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը և կառավարությանը կոչ արեց կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա:

Մանրամասն՝ տեսանյութում