Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայմանավորվածությունները կարեւոր են, սակայն ավելի կարեւոր են դրանք կատարելու համար տրված երաշխիքները․ Ի՞նչ ակնկալել քիշնեւյան ռաունդից

Պայմանավորվածությունները կարեւոր են, սակայն ավելի կարեւոր են դրանք կատարելու համար տրված երաշխիքները․ Ի՞նչ ակնկալել քիշնեւյան ռաունդից
Քաղաքականություն / Միջազգային
20:05, 31 май 2023
ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Լաչինում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի կիրառած թշնամական հռետորաբանությունը  թեեւ նորություն չէր (սպառնալիքն ու հոխորտանքը Ալիեւի սիրած ժանրերն են), սակայն ուշագրավ էր  այն իմաստով, որ այն հաջորդեց Մոսկվայում, իսկ դրանից առաջ՝ Բրյուսելում տեղի ունեցած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող  բանակցություններին։ Հիշեցնենք, որ այս ամիս բրյուսելյան հարթակում ձեռք բերվեց միմյանց՝ համապատասխանաբար 29․800 եւ 86,600 քառ․կմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանավորվածությունը, ինչպես նաեւ շարունակվեցին  ԵԽ նախագահ Շառլ Միշելի ձեւակերպմամբ՝ «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության» մասին բանակցությունները, ազդարարվեց  հաղորդակցության ուղիների բացման հարցում արձանագրված առաջընթացի մասին։ 

Ալիեւի սպառնալիքներին, հիշեցնենք,  հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  օբյեկտիվ հարցադրումը՝ արդյոք նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է բյուսելյան պայմանավորվածություններից։

«Կարծում եմ նաև, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետև բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարևոր նախապայման է։ Որովհետև երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ և դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե, դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային և միջպետական»,- ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես հայտարարել էր Փաշինյանը։ 

Արդյոք ՀՀ վարչապետի հարցադրում-մտագոհությունից պետք է եզրակացնել, որ  բրյուսելյան ձեւաչափը արդյունավետ չէ՝ Շառլ Միշելի  հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը երաշխավորելու իմաստով։ Նկատենք, որ բրյուսելյան հարթակի ոչ արդյունավետ լինելու մասին Փաշինյանը խոսել էր նաեւ այս տարվա  մարտին, իր հերթական ասուլիսում եւ մասնավորապես նշել, թե Երևանի ու Բաքվի շփումների բրյուսելյան ձևաչափում ֆունդամենտալ խնդիր կա, այդ ձևաչափում ձեռք բերված «տասնյակ պայմավորվածություններ չեն կատարվել»։

«Բրյուսելը մեզ ցույց տվեց, որ կան բանակցություններ, որ ոչ միայն չեն նվազեցնում էսկալացիայի վտանգն, այլև ավելացնում են։ Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել էն փաստին, որ սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումն ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումից 13 օր հետո։ Օգոստոսի 31-ին մենք հանդիպել ենք Բրյուսելում, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվել է», -նշել էր Փաշինյանը եւ թվել՝ պայմանավորվածությունները վերաբերել են Լեռնային Ղարաբաղին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, գերիների ազատ արձակմանը և այլն։ Նախկին հանդիպումների փորձը հաշվի առնելով, ըստ Փաշինյանի, «պետք է լինեն երաշխիքներ պայմավորվածությունների կատարման մասին»։

  Ի դեպ, Փաշինյանի՝ օրերս արած հայտարարությունը Ադրբեջանի՝ պայմանավորվածություններից հրաժարման մասին,  հատկանշական է՝ վաղը Քիշնեւում տեղի ունենալիք հնգակողմ հանդիպման համատեքստում, որին մասնակցում է նաեւ բրյուսելյան հարթակի (պայմանական ասած) մոդերատոր Եվրոպական խորհրդի նախագահ  Շառլ Միշելը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը։ Եթե Ալիեւը հրաժարվում է ճանաչել ԱՄՆ-ում ԱԳ նախարարների մակարդակով  չորս օր տեւած  բանակցությունների արդյունքում կոնկրետացված,  բրյուսելյան հանդիպման ընթացքում ճշգրտված պայմանավորվածություններից, ապա ինչի շուրջ պետք է տեղի ունենա վաղվա բանակցային ռաունդը։ 

Բանակցային գործընթացի շրջանակներում կողմերի հանդիպումները կարող են հաջորդել մեկը մյուսին, կարող են դրանցում ներգրավվել միջազգային տարբեր դերակատարներ, այդ բանակցությունների  ընթացքում կարող են ձեռք բերվել տարբեր  պայմանավորվածություններ, այս կամ այն հարցում  կողմերի տեսակետները ընդհուպ կարող են շատ մոտ լինել, ներդաշնակվել, սակայն հաջորդ իսկ վայրկյանին կարող է տեղի ունենալ  դրանցից հրաժարում  բանակցող սուբյեկտներից մեկի կողմից։ Բանակցային գործընթացի փորձը ցույց է տալիս, որ ի դեմս Ալիեւի՝ գործ ունենք ոչ պայմանագրունակ, դեստրուկտիվ բանակցողի հետ, որը կարող է համաձայնություն տալ որեւէ հարցով, սակայն  «թանաքը դեռ չչորացած»՝ դրժել այն, դիմել պարզունակ, էժանագի շահարկումների։

Այսպես եղել է ԼՂ խնդրի կարգավորման բանակցային պրոցեսի  ողջ ընթացքում՝ նախքան 44-օրյա պատերազմը։ Ուստի՝ շատ կարեւոր է ոչ միայն բանակցային գործընթացի երաշխավորների, այլեւ երաշխիքների ինստիտուտը՝ այս կամ այն պայմանավորվածությունը հարգելու եւ կատարելու առումով։ Նկատենք, որ  այդ անչափ կարեւոր հարցին Փաշինյանը քանիցս է անդրադարձել իր ելույթներում եւ խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում կարեւորել  երաշիքների համակարգի նախատեսումը։  Եթե վաղվա բանակցություններում միջնորդ կողմերը կարողանան մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման վերաբերյալ հստակ երաշխիքներ տալ, այսինքն՝ սկսի գործել ոչ միայն երաշխավորների, այլեւ՝ երաշխիքների ինստիտուտը,  ապա դա մեծ ձեռքբերում կլինի, եւ կարգավորման գործընթացի հետագա արդյունավետ ընթացքը  կարելի է ապահովագրված համարել։ 

Հ․Մ․