Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ մեր ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր մեր գերեվարվածների վերադարձի առթիվ. Փաշինյանը՝ Եղվարդում․ Տեսանյութ

Երեկ մեր ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր մեր գերեվարվածների վերադարձի առթիվ. Փաշինյանը՝ Եղվարդում․ Տեսանյութ
Քաղաքականություն
10:42, 13 июнь 2021
«Երեկ հայ հանրությունը ուրախություն էր ապրում մեր 15 գերեվարվածների վերադարձի հետ կապված: Երեկ մեր ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր՝ էլի կապված մեր 15 գերեվարվածների վերադարձի հետ: Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը հաշվարկել կամ երաշխիք է ստացել, որ գերիները, գոնե առաջիկայում, չեն վերադառնալու, հիմա էլ սուգ ու շիվան են դրել, թե մեր քարտեզները տվել են, մեր ունեցած-չունեցածը տվել են»,- այսօր՝ հունիսի 13-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ Եղվարդում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա կրկնեց, որ, այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին. «Բայց տպավորություն են ուզում ստեղծել, թե մենք ինչքան ունեինք, ամենը վերադարձրել ենք: Ամենևին այդպես չէ. վերադարձվել է մի փոքր մասը, բայց չեմ կարող ասել ոչ շոշափելի մասը:

Դեռևս անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակի քարտեզներ փոխանակվել են, դրանք այն քարտեզներն են, որոնք մեր միջև չեն և գտնվում են ադրբեջանական կողմի թիկունքում: Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ»:

Նրա խոսքով՝ 15 ընտանիք վերագտել է իրեն, և դա հույս է մյուս ընտանիքների համար. «Սա պետք է լինի շարունակական: Եկեք բարի վերադարձ մաղթենք ոչ միայն նրանց, ովքեր վերադարձել են, այլև նրանց, ովքեր պիտի գան»:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև, թե ինչպես են պատկերացնում երկրի անվտանգության ապահովումը. «Շատ կարևոր են մեր միջազգային հարաբերությունները և հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը»: