Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք տեսանք՝ ով ով է, և հիմա տարբեր տեղերում ծվարած լիքը մարդիկ իրենց դրսևորել են. Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր՝ հունիսի 14-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Այնթապ համայնքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արած գործերը և անելիքները, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում:

«2018-ից ի վեր 100 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկերի և լիզինգի ծրագրերով ժողովուրդը վարկեր է ստացել: Ինտենսիվ պտղատու այգիների ծավալները մեծացրել ենք 792 հեկտարով, բայց այս թիվը մեզ այնքան էլ ձեռնտու չի թվում, և մենք այս թիվն ավելացնելու ենք 5000 հեկտարով: Ավելացնելու ենք նաև կաթիլային ոռոգման համակարգերը, և 5 տարի ընդհանրապես ջրի վարձ չենք վերցնելու այդ տնտեսություններից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ իրենց քաղաքականությունն այնպիսին է, որ մարդը կառավարությունից կախված չլինի և չասի. «Վայ, տեսնես սալյարկա կտան, էս ինչ բանը կտան»:

Նա ընդգծեց. «Այսինքն՝ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացին ազատ լինի և իրեն տեր զգա մեր երկրում: Եվ այս ընտրություններում հարցն այն է, թե դուք կմնա՞ք իշխանության, թե՞ ոչ: Ես ասում եմ՝ գնա ու քվեարկիր քո օգտին: Դուք պետք է որոշեք՝ մնո՞ւմ եք իշխանության, թե՞ այդ իշխանությունը կորցնում եք»: 

Փաշինյանի խոսքով՝ թավշե մանդատն էլ իր օգուտները բերեց. «Մենք տեսանք՝ ով ով է այս երկրում, և հիմա էլ լիքը մարդիկ, որոնք ծվարած էին տարբեր տեղերում, իրենց դրսևորել են»:
 
Դիմելով հավաքվածներին՝ նա ասաց. «Եվ հիմա թավշե մանդատը փոխարինեք պողպատե մանդատով»: