Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասերի փոխարեն դղյակներ են կառուցվել․ մենք 1 տարում ձեռք ենք բերել 10 տարվա սպառազինության 62 տոկոսը․ Փաշինյան․ Տեսանյութ

Զորամասերի փոխարեն դղյակներ են կառուցվել․ մենք 1 տարում ձեռք ենք բերել 10 տարվա սպառազինության 62 տոկոսը․ Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
10:37, 14 июнь 2021
Այսօր՝ հունիսի 14-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Մասիսում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր գործարարի համար ստեղծվել են բոլոր պայմանները. նա իր հարկերը վճարում է և դառնում անձեռնմխելի»:

Նա նշեց, որ այսօր քրեական գործեր կան, որոնք վկայում են, թե ինչպես են ճամպրուկներով փող տարել դեպի կառավարական շենքեր. «Շատ հայտնի նախկին օլիգարխներ դրա մասին ցուցմունք են տվել. նրանցից մեկը մահացավ, հույս ունեմ՝ հիվանդության պատճառով, ոչ թե այլ միջամտության»: 

Փաշինյանն ընդգծեց, որ երկրի անվտանգությունն ուղիղ կերպով կապված է բյուջե մուտք գործող գումարի հետ, որը գոյանում է հարկերից. «Եվ այսօր ռազմական ծախսերն ավելացրել ենք 48 տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ 1 մլրդ դոլարով, որովհետև մենք նալոգ չենք վերցրել: Հայաստանում զորանոցների փոխարեն դղյակներ են կառուցել: Իսկ Ադրբեջանը տեսել է, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել: Մինչդեռ մենք 1 տարում ձեռք ենք բերել 10 տարվա սպառազինության 62 տոկոսը»:

Խոսելով ծնելիության, թեև ցածր, բայց արդեն վեր սլացող ցուցանիշների մասին՝  Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց. «Մենք պատրաստվում ենք 2022 թվականից հետո ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխային մինչև 4 տարեկանը ամսական 50 հազար դրամ պետական տուրք վճարել»:

Նա տեղեկացրեց, որ երկու ընտրակաշառք բաժանողներին դատարանը կալանավորել է. «Որքան գիտեմ, ձերբակալվել են նաև ընտրակաշառք ստացողները, բայց քանի որ ցուցմունքներ են տվել, ազատվել են քրեական պատասխանատվությունից: Ում որ ընտրակաշառքի առաջարկ է եղել, կոչ եմ անում դիմել իրավապահներին: Էս երկու օրը բոլոր ընտրակաշառք բաժանողներին լցնենք ծակերը, որպեսզի նրանք այնտեղ հանգստանան»: