Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդած նախկին ռեժիմին սատարող իրավապաշտպաններն այժմ էլ որոշել են «փողերի լվացման» մեջ մեղադրվող Արմեն Աշոտյանից քաղբանտարկյալ ստանալ

Քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդած  նախկին ռեժիմին սատարող  իրավապաշտպաններն այժմ էլ որոշել են  «փողերի լվացման» մեջ մեղադրվող Արմեն Աշոտյանից  քաղբանտարկյալ ստանալ
Քաղաքականություն / Հայաստան
20:16, 22 июнь 2023
2018-ի թավշյա հեղափոխությունից հետո երբ հարուցված  տարբեր քրեական գործերով  նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում էր խափանման միջոց կալանքը, վերջիններիս աֆիլացված, նախկինում պետական պաշտոն զբաղեցրած, ապա պաշտոնաթողությունից հետո իրավապաշտպան գործունեության անցած  որոշ  սուբյեկտներ  շտապում էին կալանավորված անձանց «քաղբանտարկյալ» հռչակել, նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն էլ   որակել «քաղաքական հետապնդում» և «հաշվեհարդար»։ 

«Քաղբանտարկյալի» կամ քաղաքական հայացքների համար հետապնդվողի «պսակն» իրենց գլխին այս ընթացքում հասցրել են կրել նախկին նախագահ, «Մարտի 1»-ի  քրգործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրված  Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը,  ապաև՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը  (նրան ընդհուպ «քաղաքական պատանդ» էին անվանում),  ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանը,  Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ընդհուպ՝ «Ազատագրում» շարժման ղեկավար, հայտնի բլոգեր Միկա Բադալյանը... Վերջերս էլ  քաղբանտարկյալների շարքին դասվեց  Յ. Խաչատուրովի որդին՝ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը...

Հընթացս հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամները ԱԺ 2021 թ. օգոստոսի 24-ին ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում  ակցիա իրականացրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում «քաղբանտարկյալ» գրառումը փակցնելով անազատության մեջ գտնվող Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի և Արմեն Չարչյանի աթոռների վրա։ 
Նրանք,  սակայն, անգթաբար զրկվեցին  «քաղբանտարկյալի» «իմունիտետից», երբ դատարանը որոշեց վերացնել  խափանման միջոց կալանքը։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այդքան զավեշտական չլիներ։ 

Վերջին օրերին էլ  քաղբանտարկյալի «թագն ու պսակը» կրում է փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ի լուսապսակ   ճակատը՝ Արմեն Աշոտյանը։ Ատելության խոսքի արտադրության գծով անգերազանցելի չեմպիոն ԿԳ նախկին նախարարը, ըստ նրան սատարողների «ֆանքլաբի» ներկայացուցիչների, «կլասիկ», «դասագրքային»  քաղբանտարկյալ է, քանի որ, ուշադրություն,  նրա կարգավիճակը համապատասխանում է ԵԽԽՎ-ի՝ 2012 թ.-ի հոկտեմբերի 3-ին ընդունած 1900-րդ բանաձևով սահմանված  «քաղաքական բանտարկյալ» հասկացությանը։ Աշոտյանի աջակիցներից մեկը՝ ԱԺ տեղեկատվության և վերլուծության վարչության նախկին պետ Գոհար Մելոյանը, որը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է և հանդես է գալիս որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, Աշոտյանի կալանավորումից հետո իր ֆեյսբուքյան էջում մեջբերել էր  բանաձևի սահմանած չափանիշները։  Ըստ այդմ՝ անձնական ազատությունից զրկված անձը համարվում է քաղաքական բանտարկյալ, եթե.

 ա. կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ. 
 բ. եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով՝ առանց որևէ առնչության.
 գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է.
դ. եթե քաղաքական դրդապատճառներով նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում.
 ե. եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին»։ Մելոյանը «պոստ ֆակտում» խրոխտ ազդարարել էր. «Հետեաբար՝ այո՛, Արմեն Աշոտյանը ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»։

Սահմանադրական իրավունքի մասնագետ տիկինը, սակայն, զլացել էր նշել, թե Աշոտյանը նշված չափանիշներից հատկապես որո՞վ է   քաղբանտարկյալ, մի՞թե  անխտիր բոլորով։  Ի դեպ, տիկին Մելոյանը, որը աշխատել է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի   օրոք ու վերոհիշյալ պաշտոնից ազատվեց 2019-ին,  գրեթե նույն տեքստը իր ֆեյսբուքյան էջում զետեղել էր նաև մոտ 4 տարի առաջ, միայն թե՝ Արմեն Աշոտյանի փոխարեն այդ տեքստը ձոնել էր Արսեն Բաբայանին և նույն եզրակացությունն արել՝ «Հետեաբար, այո՛, Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»։  Տիկին Մելոյանի սույն «ունիվերսալ» տեքստն, ի դեպ, տիրաժավորել են մի շարք կայքեր։   

Օրերս  Աշոտյանի  կուսակից, ԱԺ պատգամավոր  Հայկ Մամիջանյանն էլ որպես  ՀՀԿ փոխնախագահի կալանավորման պատճառ նշեց հետևյալը.  «Փաշինյանը չի մարսում Աշոտյանի հրապարակումը՝ Արցախը Ադրբեջանի կազմում բանակցելու մասին»։  Ինչպիսի՜ խորաթափանցություն։  Աշոտյանի  երբեմնի քաղաքական ախոյաններից մեկն էլ՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ԲՀԿ-ն լքելուց հետո «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ դարձած  Նաիրա Զոհրաբյանը օրերս ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ազդարարել է, թե «միջազգային իր գործընկերներին» տեղեկացրել է Աշոտյանի ձերբակալման մասին, և ինքնակոչ քննիչի վստահ տոնով հայտարարել՝ այս գործում իրավական որևէ հիմք չկա։ «Սա պարզ, «чистой воды» քաղաքական հետապնդում է: Ինչո՞ւ Արմեն 
Աշոտյանը,  որովհետև նա այն եզակի քաղաքական գործիչներից է, ով հիմնավոր, փաստարկված ջարդում է Նիկոլ Փաշինյանի բոլոր լոլոները, մանիպուլյացիաները, որով նա փորձում է Հայաստանը երկրորդ կապիտուլյացիայի տանելու այս ճանապարհին մոլորեցնել, խաբել հասարակությանը»։ Զոհրաբյանի հանկարծահաս սիմպատիան Աշոտյան քաղգործչի նկատմամբ, իրոք, հուզիչ է։ Այսքանն ասողը  այն նույն Նաիրա Զոհրաբյանն է, որը ժամանակին, երբ Աշոտյանը ԿԳ նախարար էր, քննադատելով վերջինիս, նրան մեղադրել էր  «նապոլեոնիզմով» տառապելու մեջ և նշել, թե «նապոլեոնիզմով տառապելը լուրջ շեղում է։ Նապոլեոնիզմի դեմ պատվաստանյութը դեռևս գտնված չէ»:

Արմեն Աշոտյանն էլ ի պատասխան իրեն այսօր «քաղաքական  հետապնդվող» կոչած  Զոհրաբյանի «դիագնոզի»՝ իր հերթին էր դիագնոզել տիկնոջը. «Կա նաև քաղաքական կլեոպատրիզմ: Գիտեք դա ինչ է՝ խելացի, գեղեցիկ կին, որը փորձում է տղամարդկանց մանիպուլյացիայի միջոցով ղեկավարել աշխարհը: Ինչպես ավարտեց Կլեոպատրան... այնքան էր կոփել իրեն, որ ոչ  մի թույն չէր ազդում, ստիպված իրենից ավելի թունավոր բան գտավ, որպեսզի խայթի և մահացնի իրեն: Այդպես ավարտեց Կլեոպատրան»:
 
Ինչևէ։ Վերադառնանք մեր օրեր, «քաղբանտարկյալ» Աշոտյանին առաջադրված մեղադրանքին և նրան կալանավորելու իրավապահների որոշմանը։ Նկատենք, որ հարուցված քրեական վարույթի ընթացքում  Ա. Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Եվ այս ողջ ընթացքում   իշխանությունը նրան դավադրաբար զրկել էր   քաղբանտարկյալ դառնալու «շանսից»՝ թույլ տալով, որ լինի ազատության մեջ։  Սակայն, ինչպես օրերս հայտնեց ՔԿ-ն, «հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա. Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին»: 

Հարկ է նշել նաև, որ քրեական հետապնդման ենթարկվող Աշոտյանը, որի հանդեպ, ինչպես իրեն սատարողների «ֆանքլաբի»  ներկայացուցիչներն են պնդում՝ Փաշինյանը  հաշվեհարդար է տեսնում, այս ընթացքում հասցրել է լքել երկիրը։ ՀՀ-ից բացակայելու արգելքը, հիշեցնենք,  իրավապահ համակարգի որոշմամբ սառեցվել էր, և նա  2022 թ. դեկտեմբերին  Վիեննայում մասնակցել էր ավստրիական ուղեղային՝ քաղաքական-վերլուծական կենտրոններից մեկի կողմից  Արցախի հակամարտությանը նվիրված փակ քննարկմանը։  Աշոտյանն, ի դեպ, այդ մասին հայտնել էր Վիեննայից, հյուրանոցի իր համարից, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով։
Երևի նման հնարավորություն ընձեռելով՝ իշխանությունը չի «ֆայմել», որ Աշոտյանն էլ կարող է մյուս՝ քրեական հետապնդման ենթարկվող պոտենցիալ քաղբանտարկյալների նման լքել երկիրը և այլևս չվերադառնալ։

Ի դեպ, «քաղբանտարկյալ» տերմինը երբ գործածվում էր Աշոտյանի՝ իշխանություն եղած  ժամանակ կալանավորված ու ապօրինի քրեական հետապնդման ենթարկված  քաղգործիչների և քաղակտիվիստների նկատմամբ,  Աշոտյանի գործընկերները միանգամից խաչակնքում էին և չքմեղի դեմքով հայտարարում՝ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ։  Եվ սա այն դեպքում, երբ նույն եվրոպական կառույցները, նույն ԵԽԽՎ-ն, ի դեպ, մասնավորապես «Մարտի 1»-ի ողբերգությունից հետո ընդունած իր բանաձևերում  բաց տեքստով նշում էր ՀՀ-ում քաղաքական հետապնդման ենթարկվողների մասին։ Այդ բանաձևերից մեկում (1609)  օրինակ, նշվում է. «Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների և խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը և շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերևույթ արհեստական են և պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում»: 
 
 Իսկ ահա   գործող իշխանության օրոք միջազգային որևէ կառույց, չենք հիշում, որ իր որևէ բանաձևում հիշատակեր ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության մասին։ Հարկ է նշել, որ վերջերս ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց՝ «մենք  ո՛չ ներպետական, ո՛չ միջազգային մակարդակում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չունենք»։  Ապա հավելեց՝ բոլոր այն անձինք, որոնք զբաղվել են քաղաքական գործունեությամբ, բայց մեղադրվում են, օրինակ, կոռուպցիոն հանցագործությունների մեջ, դա մեխանիկական հիմք չէ այդ անձանց  քաղաքական հետապնդման ենթարկելու մասին դատողություն 
անելու տեսանկյունից։ Ըստ դատախազի՝ դատարան ուղարկված  գործերի մեղադրանքներն առավելապես ֆինանսական ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են ու քաղաքական որևէ տարր չեն պարունակում։ 

Հ.Գ. Նշենք նաև, որ ի պաշտպանություն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների՝ նախաձեռնություն է մեկնարկել։ Միացողների ցանկն էլ, ի դեպ,  պարբերաբար թարմացնում է ՀՀԿ-ն իր պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։   
 
Հեղինե Մանուկյան