Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի համայնքապետերը ոչ մի պարագայում քաղբանտարկյալ չեն. այդ մարդիկ փորձել են ժողովրդի կամքը կեղծելով՝ գողանալ իշխանությունը. նախկին քաղբանտարկյալ

Սյունիքի համայնքապետերը ոչ մի պարագայում քաղբանտարկյալ չեն. այդ մարդիկ փորձել են ժողովրդի կամքը կեղծելով՝ գողանալ իշխանությունը. նախկին քաղբանտարկյալ
Հասարակություն
12:59, 20 июль 2021
«Երբ տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք իրենց համարում են քաղաքական բանտարկյալ, դա արդեն որևէ արժեք չունի և հիմք չէ լուրջ քննարկումների համար։ Ինքնահռչակումն արդեն զավեշտ է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Սյունիքի տարբեր համայնքապետերի քաղբանտարկյալ համարելու քննարկումներին։

Հիշեցնենք, որ ընտրություններից հետո Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի ձերբակալություններից ու կալանավորումներից հետո նրանց հարազատները, պաշտպանները, նրանց հարող քաղաքական շրջանակները այդ համայնքապետերին  համարում են քաղաքական բանտարկյալ։ 

Արշակյանի խոսքով՝ բոլոր բնագավառներում էլ կան ինքնահռչակներ, բայց կան հատուկ հասարակական  կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ, որոնք մարդու իրավունքների խախտման որոշակի ցանկի առկայության դեպքում անձին ճանաչում են քաղբանտարկյալ և աջակցություն են ցույց տալիս նրանց։ «Բայց այս դեպքում ճիշտ այնպես, ինչպես այդ մարդիկ փորձել են իշխանությունը գողանալ, իշխանությունը զավթել՝ ընտրությունները կեղծելով, ժողովրդի կամքը կեղծելով՝ գողանալ իշխանությունը, այնպես էլ հիմա իրենք որպես գող ուզում են գողանալ նաև քաղբանտարկյալի կարգավիճակը։ Իրենց արածը քաղբանտարկյալի կարգավիճակի գողություն է։ Իրենց մոտ գողություն անելը լավ է ստացվում։ Իրենք ոչ մի պարագայում քաղբանտարկյալ չեն։ Այո, քանի դեռ չկա դատարանի վճիռ, այդ անձինք համարվում են անմեղ։ Հիմա ես դա  կրկնում եմ՝ քանի դեռ չկա դատարանի վճիռ՝ նրանք գող չեն, բայց նրանք գողանում են քաղբանտարկյալի կարգավիճակը, և ես չեմ կարող այլ բան ասել, քան այն, որ գողը պետք է լինի բանտում, անկախ նրանից՝ գույք է գողացել, ձայն է գողացել, թե կարգավիճակ։ Նրանք պետք է պատժվեն»,- ընդգծեց Արշակյանը։

Իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը ևս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ «քաղբանտարկյալ» եզրույթն օգտագործելիս պետք է չափազանց զգույշ լինել։ «Պարզ է՝ մարդիկ, իրենց պաշտպանությունից ելնելով, կարող են իրենք իրենց կամ իրենց պաշտպանյալներին քաղբանտարկյալներ հռչակել, սակայն սա նրանց քաղբանտարկյալ ճանաչելու բավարար պայման չէ։

Քաղբանտարկյալները նրանք են, ովքեր իրենց ծավալած հրապարակային քաղաքական ու հասարակական գործունեության համար հայտնվում են իշխանությունների թիրախում, կալանավորվում կամ դատապարտվում են։ Ձեր նշած մարդիկ ծավալած քաղաքական գործունեությամբ նախկինում աչքի չեն ընկել, եթե չհաշվենք հետպատերազմյան, ապա՝ նախընտրական շրջանը, երբ նրանք հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանին սատարողների ճամբարում։ Ցանկության դեպքում բոլոր համայնքապետերի նկատմամբ էլ կարելի է քրեական գործեր սկսել։ Քիչ հավանական է, որ նրանց աշխատանքային փաստաթղթերը ուսումնասիրվեն և  քրեական գործի հիմքեր չգտնվեն։ Բայց հաշվի առնելուվ այն հանգամանքը, որ շեշտը Սյունիքի մարզի վրա է դրված՝ կարող է հիմնավոր կասկած լինել, որ այս մարդիկ թիրախավորված են։ Սա, հավանաբար, պատասխանն է այն վատ ընդունելության, որին արժանացավ Փաշինյանն այս մարզում։ Այս դեպքում «քաղբանտարկյալ» տերմինը ես օգտագործել չէի շտապի։ Սա ավելի շուտ վրեժխնդրություն է։ Նրանք ոչ թե արդարադատության, այլ վրեժխնդրության զոհեր են»,- ասաց Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1900 բանաձևով են սահմանվում այն չափորոշիչները, ըստ որի՝ հետապնդման ենթարկվող անձը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ։ Բանաձևն ընդունվել է 2012 թվականին։ 
«Քաղաքական բանտարկյալներ» հասկացության սահմանման վերաբերյալ ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևի 3-րդ կետի համաձայն`անձնական ազատությունից զրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ»՝

ա) եթե ազատազրկումը կիրառվել է ՄԻԵԿ և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ,

բ) եթե ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որևէ օրինախախտման հետ առնչության,

գ) եթե, քաղաքական դրդապատճառներով, կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել,

դ) եթե, քաղաքական դրդապատճառներով, անձն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա, կամ

ե) եթե ազատազրկումը սահմանվել է այնպիսի ընթացակարգերի արդյունքում, որոնք ակնհայտորեն անարդարացի էին և, ըստ երևույթին, կապ է նշմարվում իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ»:

Արփի Հարությունյան