Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երկու ավտորիտար առաջնորդներ՝ Ալիևն ու Պուտինը, նույնիսկ երեքը՝ եթե ավելացնենք Էրդողանին, հիանալի կերպով ընդհանուր շահեր են գտնում Արևմուտքի դեմ»․ ադրբեջանցի լրագրող

«Երկու ավտորիտար առաջնորդներ՝ Ալիևն ու Պուտինը, նույնիսկ երեքը՝ եթե ավելացնենք Էրդողանին, հիանալի կերպով ընդհանուր շահեր են գտնում Արևմուտքի դեմ»․ ադրբեջանցի լրագրող
Քաղաքականություն
18:35, 12 июль 2023
Ադրբեջանում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2025թ., բայց դրանք կարող են անցկացվել ավելի վաղ և միասին։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանցի լրագրող Շահին Ռզաևը՝ հիշատակելով, որ վերջին նախագահական ընտրությունները 2018թ. ապրիլին են անցկացվել։

Նրա խոսքով՝ ոչ մի ընդդիմություն չկա Ադրբեջանում նույնիսկ Ալիևին մոտ կանգնած, և Ալիևը համոզիչ հաղթանակ կտանի նախագահական ընտրություններում։ 

«Ըստ օրենքի՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվում են 7 տարին մեկ անգամ։ Հերթական ընտրությունների ժամանակը 2025թ.-ին է, բայց 2025թ. նոյեմբերի 9-ին լրանում է ռուս խաղաղապահների առաքելությունը Ղարաբաղում։ Իսկ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ կողմերից մեկը 6 ամիս առաջ պետք է հայտարարի ռուս խաղաղապահների դուրսբերման մասին։ Հետևաբար ընտրությունները կարող են ավելի վաղ անցկացվել, քան այդ որոշման կայացումը»։ 

Հարցին՝ Ադրբեջանը կհամաձայնի՞ ռուս խաղաղապահների ժամկետի երկարաձգմանը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Դա խիստ կախված է ռուս-ուկրաինական պատերազմի ելքից։ Ամենայն հավանականությամբ Ադրբեջանը կհամաձայնի երկարաձգել ռուս խաղաղապահների ժամկետը ևս 5 տարով, եթե հաջողվի բացել Զանգեզուրով ճանապարհ դեպի Նախիջևան։ Այս հարցի շուրջ դեռևս սակարկություններ են ընթանում։ Ռուսաստանը Ադրբեջանի դաշնակիցն է և ամենամեծ բիզնես գործընկերը (ոչ նավթային հատվածում)։ Իսկ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում դեռևս ունի վերջնական խոսք ասելու»։ 

Մեր զրուցակիցը վստահ է՝ Ալիևը «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունի ճանապարհը, և համաձայն կլինի, եթե այն վերահսկվի Հայաստանի կողմից։ Շահին Ռզաևն այս հարցում հղում է անում Մոսկվայում Փաշինյանի ու Ալիևի վերջին հանդիպման ժամանակ ծագած խոսակցությանը, երբ Ալիևն օրինակ է բերել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, որը արտատարածքային չէ։  

Թե ինչո՞ւ Ալիևը կցանկանա պահել ռուս խաղաղապահներին, ի՞նչ կարող են նրանք տալ Ադրբեջանին, Շահին Ռզաևն ընդգծեց՝ Ալիևը քաջ գիտակցում է, որ Արևմուտքի համակրանքն ավելի շատ Հայաստանի կողմն է տարբեր պատճառներով՝ թե՛ սփյուռք, թե՛ ավելի ժողովրդավարական իշխանություն, մարդու իրավունքներ և այլն, և ըստ այդմ՝ Ադրբեջանը Թուրքիայի ու Ռուսաստանի հետ ընդհանուր շահեր է գտնում Արևմուտքի դեմ. «Երկու ավտորիտար առաջնորդներ՝ Ալիևն ու Պուտինը, նույնիսկ երեքը՝ եթե ավելացնենք Էրդողանին, հիանալի կերպով ընդհանուր շահեր են գտնում Արևմուտքի դեմ։ Բայց Ալիևը միևնույն ժամանակ գիտի նաև, թե ինչպես հեռու մնալ Մոսկվայից, և մինչ այժմ նրա այս քաղաքականությունը բերում է ցանկալի արդյունքների, օրինակ՝ Ղարաբաղում և Լաչինի սահմանին վերահսկողության ուժեղացումը: Այս դեպքում ինչո՞ւ չերկարաձգի ռուս խաղաղապահների ժամկետը, եթե ամեն ինչ ընթանում է Ալիևի պլանով»: 

Նարա Մարտիրոսյան