Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի եղել պաշտպանության նախարարի կողմից որևէ գրություն, որևէ հայտ, որևէ առաջարկություն, որ չի բավարարվել մեր կողմից․ Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ

Չի եղել պաշտպանության նախարարի կողմից որևէ գրություն, որևէ հայտ, որևէ առաջարկություն, որ չի բավարարվել մեր կողմից․ Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
11:14, 30 июнь 2021
Այսօր ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց  ԱՀ նախագահի 2020 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի արդյունքները և 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը։  

«2020 թվականը ԱՀ-ի համար ծանրագույն տարի էր՝ հաշվի առնելով ադրբեջանաթուրքական զինված ագրեսիան և դրա հարուցած մարդկային, տարածքային ու նյութական ահռելի վնասները, ինչպես նաև Քովիդ 19-ը համավարակը։  Պետական կառավարման ու տնտեսության վրա էական ազդեցություն են ունեցել նաև անցած տարի կայացած համապետական ընտրությունները։ Սույն հաղորդումն ամփոփում է նաև ինչպես մինչև 2020 թվականի մայիսի 21-ը, նախագահ Բակո Սահակյանի նախագահության ժամանակահատվածը, այնպես էլ դրանից հետո իմ նախագահության»,-ասաց ԱՀ նախագահը։

Նա նաև նշեց, որ հաշվի առնելով, որ պաշտպանության ոլորտը մեր պետության կենսագործունեության ամենահիմնարար ոլորտն է, որը հատկապես 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների պատճառով մեծապես ազդել է նաև մյուս բոլոր բնագավառների արդյունքների վրա, նախևառաջ ընդհանուր գծերով անդրադարձ կատարեց հենց պաշտպանությանը։  

«Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր թշնամական նկրտումները՝ Արցախի և Հայաստանի հանդեպ, պետական մակարդակով  տարվող հայատյացության քաղաքականությունը։ Եվ մեծածավալ սպառազինության շարունակական ձեռքբերումը հուշում էին, որ Ադրբեջանն ամեն պահի պատրաստվում է պատերազմի։ Ունենալով պաշտպանության բնագավառում խիստ սահմանափակ լծակներ՝ հանրապետության նախագահի կողմից իրականացվել է աջակցող գործառույթ՝ մշտապես բավարարելով ՊԲ հրամանատարության հայտերը։ Հաճախակի են եղել այցելություններ առաջնագիծ ու զորամասեր, ներսից հասկանալով այն խնդիրները, որոնք անհրաժեշտ և հնարավոր է լուծել ԱՀ կառավարության կողմից։ Չի եղել Պաշտպանության նախարարի կողմից որևէ գրություն, որևէ հայտ, որևէ առաջարկություն, որ չի բավարարվել մեր կողմից»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ ԱՀ նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին օրվանից ինքը ձեռնամուխ է եղել  առաջնագծի կահավորման աշխատանքներին նպաստելուն՝ հանդես գալով նաև նախաձեռնական լուծումներով։

ԱՀ նախագահի խոսքով՝ կան մի շարք շինարարական կազմակերպություններ, որոնք հատուկ պատվերներ են ստացել ամրաշինական աշխատանքներ կատարելու համար։

Նա նշեց, որ մինչև սեպտեմբերի 27-ը հաջողվել էր կառուցել մի շարք  ճանապարհներ, ամրացնել դիրքեր, ունենալ մոդելային ամուր առաջնագծի օրինակներ, որը պետք է դառնար համատարած  ամբողջ առաջնագծի երկայնքով։ 

«Ես չեմ նշում, որ մինչ այդ աշխատանքներ չեն կատարվել։ Ահռելի աշխատանքներ են կատարվել մինչև 2020 թվականը, բայց հակառակորդի սպառազինության զարգացմանը, ձեռքբերմանը զուգահեռ, մենք պարտավոր էինք մեր առաջնագիծը, մեր դիրքերը,մեր ամրությունները կահավորել հենց հակառակորդի զինտեխնիկյաից պատսպարվելու և դիմակայելու ուղղությամբ»,-ասաց Արայիկ Հարությունյանը։