Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանդատների բաշխման կարգում օրենսդրական անհեթեթություն կա, ինչի արդյունքում ՔՊ-ն չի ունենա սահմանադրական մեծամասնություն՝ 2/3

Մանդատների բաշխման կարգում օրենսդրական անհեթեթություն կա, ինչի արդյունքում ՔՊ-ն չի ունենա սահմանադրական մեծամասնություն՝ 2/3
Քաղաքականություն
18:18, 30 июнь 2021
«Մանդատների բաշխման կարգում օրենսդրական անհեթեթություն կա, և դա Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի մտքի արգասիքն է»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց ընտրական բարեփոխումների աշխատանքներում ներգրավված, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով մանդատների բաշխման կարգին։

Ըստ Իոաննիսյանի՝ 71 մանդատով «Քաղաքացիական պայմանագիրը», այո, չունի սահմանադրական մեծամասնություն՝ 2/3, չի կարող հանրաքվե նշանակել, սահմանադրական փոփոխություններ իրականացնել, ինչպես նաև նախագահին անվստահություն հայտնել։

Սահմանադրական օրենքներ փոխելու խնդիր, սակայն, չկա։ 

Իոաննիսյանի ձևակերպմամբ, օրենսգրքի անադեկվատությունը նրանում է, որ եթե ՔՊ-ն ունենար 70 մանդատ 71-ի փոխարեն, այսինքն մոտ 10 հազար ձայն պակաս ստացած լիներ, ապա այդ դեպքում կունենար ճիշտ 2/3 ու ընդդիմությանը չէր տրվի լրացուցիչ մանդատ.«Իշխանության 2/3 ունենալ-չունենալը կախված է նրանից, թե  իշխանությունը ունի զույգ թվով մանդատներ, թե՝ կենտ։ Կենտ թվով մանդատի դեպքում 2/3 չի ունենում, իսկ զույգի դեպքում՝ ունենում է մեծամասնություն։ Սա անհեթեթություն է։ Ստացվում է, որ ՔՊ-ին ձեռնտու էր 10 հազար ձայն պակաս ստանար, բայց ունենար 2/3։ Սա Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի մտքի արգասիքն է, բայց սա է իրականությունը և սա անհեթեթություն է»,-ասաց Իոաննիսյանը։ 

Իսկ մանդատների բաշխման բանաձևը հետևյալն է՝ նախ մանդատները համամասնորեն բաշխվում են ԱԺ անցած քաղաքական ուժերի միջև, դրանից հետո հատուկ բանաձևով բաշխվում են ազգային փոքրամասնությունների մանդատները։ Այս դեպքում՝ ասորական մանդատը հասնում է «Հայաստան» դաշինքին, իսկ ռուսական, քրդական և եզդիական մանդատները՝ ՔՊ-ին։ Այս ամենից հետո էլ, երբ ՔՊ-ն ունենում է 71 մանդատ, որը 2/3-ից ավել է, ընդդիմությանը տրվում է այնքան լրացուցիչ մանդատ, որպեսզի նրանք ունենան նվազագույն 1/3։ Եվ այդ նվազագույնի համար նրանց տրվել է 2 մանդատ։ Կիրառվող բանաձևի համաձայն  այդ երկու լրացուցիչ մանդատները հասնում են «Հայաստան» դաշինքին։ 

Նկատենք, սակայն, որ այս ամենը դեռ վերջնական չէ, քանի որ «Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքները վիճարկում է Սահմանադրական դատարանում և դեռ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնի բարձր դատարանը։ «Հայաստան» դաշինքը մանդատների հարցը պատրաստվում է քննարկել միայն Սահմանադրական դատարանում վեճի լուծումից հետո։ Ըստ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի՝ ՍԴ-ն կարող է ընդունել 3 տեսակ որոշում՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել, նշանակել երկրորդ փուլ և  ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։ 

Իրավաբան Արա Ղազարյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ օրենքն ասում է, որ Սահմանադրական դատարանը  կարող է ընտրությունները համարել անվավեր կամ ոչ։ Սահմանադրական դատարանը, ըստ Ղազարյանի, կարող է  որոշում կայացնել, որ ընտրությունների ժամանակ խախտումներ եղել են, բայց դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա. «Ամենայն հավանականությամբ նման որոշում կարող է կայացնել Սահմանադրական դատարանը, և դա իրավական որևէ հետևանք չի առաջացնում։ Այսինքն եթե չլինեն էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների ելքի վրա, ապա իրավական հետևանք չի առաջանում։ ՍԴ-ն կարող է եզրահանգումներ կատարել տարբեր կարգավորումների, տարբեր խնդիրների վերաբերյալ, որպեսզի դրանք հետագայում ուղղվեն։ Ասենք վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ և այլն։ Բայց ի վերջո ՍԴ-ն կարող է նշել, որ խախտումները չեն ազդել ընտրությունների ելքի վրա։ Ամենայն հավանականությամբ հենց այս տարբերակն էլ կլինի»,- ասաց Ղազարյանը։ 

Արփի Հարությունյան