Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանում ունենք աղբը, թափոնները ջայլամի քաղաքականությամբ հողի տակ թաղելու սովորություն»․ «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավար Վահե Սալահյան

«Հայաստանում ունենք աղբը, թափոնները ջայլամի քաղաքականությամբ հողի տակ թաղելու սովորություն»․ «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավար Վահե Սալահյան
Հայաստան
17:05, 21 июль 2021
Մենք պետք է լայնածավալ իրազեկման աշխատանքներ կատարենք և լայն հասարակությանը հասցնենք այն, թե ինչ բացասական հետևանքներ ունի նույն, օրինակ՝ Երևանյան լճի, Հրազդան գետի առափնյա հատվածներում աղբ թափելը: Այս մասին այսօր՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից Երևանյան լճի և  Հրազդան գետի մեծածավալ ծրագրերի իրականացմանը

Նա ընդգծեց, որ ոլորտում համակարգային խնդիրները բազմաթիվ են, և պետական հատվածը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները ձեռք ձեռքի տված կարող են գնալ լուծումների:

«Պատկերացրեք մեկ տոննա քանակությամբ պլաստիկը կուտակենք արևի ուղիղ ճառագայթների ներքո: Դրանցում մասնիկներն անջատվում են, ձևավորվում է գազ, որն էլ, բարձրանալով մթնոլորտ, նպաստում է ածխաթթու գազի ծավալների մեծացմանը: Արդյուքնում շարունակվում է օզոնի շերտի քայքայումը, ունենում ենք եղանակի տաքացում, իսկ Սահարայում անձրևներ ու ձնային տեղումներ տեսնելիս չենք հասկանում, թե այս անոմալիաները ինչի հետևանքով են »,- ասաց Վահե Սալահյանը:

Նրա խոսքով՝ խնդիր կա նաև սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված, որը հատկապես սրվում է շոգ օրերին, երբ քաղաքացիներից շատերը գնում են Հրազդան գետ, Երևանյան լիճ՝ զովանալու, իսկ մի քանի մետր այն կողմ մեծածավալ աղբակույտեր են:
«Հայաստանում ունենք աղբը, թափոնները ջայլամի քաղաքականությամբ հողի տակ թաղելու սովորություն։ Լավ, հողի տակ թաղեցինք, կամ լավագույն դեպքում դա այրեցինք։ Չէ՞ որ, էական չէ՝ Երևանում ենք դա այրել, թե՝ Գյումրիում, միևնույն է այդ դրանից արտազատված գազը, օդը, թթվածինը մենք ենք շնչում։ Եվ, ի վերջո, տեղյակ ենք բոլորս, որ ՀՀ-ն գտնվում է բավական բարձր հորիզոնականում՝ քաղցկեղածին դեպքերի գրանցման առումով, և սա նույնպես նպաստում է քաղցկեղի առաջացմանը»,- նշեց Վահե Սալահյանը:

Սակայն որևէ երաշխիք չկա, որ նշված տարածքներն ամբողջությամբ մաքրելուց հետո  նորից այդտեղ աղբակույտեր չեն հավաքվելու: 

Բանախոսները վստահություն հայտնեցին, որ մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմամբ հնարավոր կլինի ավելի լավ արդյունքների հասնել: Նախատեսում են խստացնել պատժամիջոցները, սակայն հակված չեն մահակի քաղաքականությանը, կարևորում են իրազեկման աշխատանքներն ու կրթական ծրագրերը: