Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի անհնազանդության հեղինակ նախկին ՀՀԿ-ականները Վահե Հակոբյանի հետ կմասնակցեն Փաշինյանի կազմակերպած ընտրություններին

Սյունիքի անհնազանդության հեղինակ նախկին ՀՀԿ-ականները  Վահե Հակոբյանի հետ կմասնակցեն Փաշինյանի կազմակերպած ընտրություններին
Քաղաքականություն
17:27, 20 март 2021
Երևանի «Մարիոթ» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ Սյունիքի նախկին ՀՀԿ-ական մարզպետ, նախկին ԱԱԾ-ական Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամների մամլո ասուլիսը։

Վահե Հակոբյանը, որոշ տեղեկություններով, պատերազմից հետո համակարգում է Սյունիքի համայնքապետերի անհնազանդությունը գործող իշխանությանը, ինչից տուժում է Սյունիքն ու շահում ադրբեջանական կողմը։ Բացի դա, հենց այդ ջանքերով է պարբերաբար մեդիատեռոր տարածվում Սյունիքում «գյուղեր զիջելու» մասին։  

Միքայել Մինասյանի ընկեր Վահե Հակոբյանի կուսակցությունը ստեղծվել է ՀՀԿ-ի հիմքով․ վարչության անդամները Սյունիքի նախկին կամ ներկա  ՀՀԿ-ականներ են՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը,  Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր  Սարգսյանը։

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը և Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներն են։

Այսպիոով՝ նորաստեղծ կուսակցությանն անդամակցում են մարզի ներկայիս ՀՀԿ-ական համայնքապետերի մեծ մասը: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն Սյունիքի իր ռեսուրսը զիջել է նախկին ԱԱԾ-ական Վահե Հակոբյանին։ 

 Վահե Հակոբյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ կուսակցության վարչության կազմից համարյա բոլորը եղել են «Հանրապետական» կուսակցության անդամներ և չեն ամաչում դրանից։ «Մարդկանց պետք է գործերով դատել։ Գնացեք Սյունիք և ցանկացած բիզնեսմենի հարցրեք, թե ոնց է եղել այն ժամանակ։ Երբ ես ստանձնեցի Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզը բոլոր ցուցանիշներով եղել է վերջին տեղում։ Մեկ տարի հետո մենք փակել ենք ցուցանիշներն առաջին տեղով թե՛ ներդրումային, թե՛ սոցիալական, թե՛ հարկերի մասով», - ասաց Վահե Հակոբյանը։

Առաջիկայում տեղի կունենա կուսակցության համագումարը որտեղ մանրամասն կնշվեն կուսակցության անելիքների և ծրագրերի մասին։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը նշեց, որ իրենք պատրաստվում են մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հակոբյանն ասաց, որ պատրաստ են համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ, բացառությամբ՝ «Սասնա Ծռերի»։ «Ինչքան ուզում են Նիկոլի դեմ պայքարել, մեզ համար «կարմիր գիծ են»: Կոնկրետ ինձ համար իրենք տեռորիստ են, իրենց տեղը բերդում է», - նշեց Հակոբյանը։

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմնվի իրենց կուսակցության վրա և իրենց ցուցակով մասնակցի ընտրություններին, Հակոբյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ պարոն Քոչարյանն ինչի վրա կհիմնվի կամ կուզենա մենակ կամ ինչ-որ մեկի հետ միանա, նորից եմ ասում՝ մենք բաց ենք բոլորի հետ»։

Վովա Հակոբյան