Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կութից Սոթք ընկած հատվածը շարունակում է այրվել. Կրակն ավելի շատ դեպի ադրբեջանցիներին է մոտենում. Սոթքի բնակիչ

Կութից Սոթք ընկած հատվածը շարունակում է այրվել. Կրակն ավելի շատ դեպի ադրբեջանցիներին է մոտենում. Սոթքի բնակիչ
Հայաստան
12:18, 30 август 2021
Ադրբեջանական զինծառայողների՝ Գեղարքունիքում դիտավորյալ հրդեհված տարածքները շարունակվում են այրվել։ Կրակը տարածվում է Կութից մինչև Սոթք ընկած հատվածը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Սոթքի բնակիչներից մեկը։ Ադրբեջանական կողմը միտումնավոր հրդեհ էր առաջացրել նախօրեին։

«Կրակը չի մարվել։ Կութից-Սոթք հատվածում կրակը տեսանելի է։ Այս պահին էլ վառվում է, ծուխը նկատելի է, բայց ավելի շատ դեպի իրենց է կրակը մոտենում, քան հայկական կողմ»։

Սոթքի բնակիչը նշեց, որ տարածքները համայնքների բնակիչների խոտհարքերն են ու արտովայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են։

«Հիմնականում Սոթքի և Կութի արոտավայրերն են։ Երկու կողմի զինվորները կանգնած են ու որպես արոտավայր տարածքը չի օգտագործվում, բայց մինչև պատերազմը բնակավայրերի արոտավայրն էր»։

Ըստ բնակչի՝ սարերի վրայով է անցնում կրակը, մոտավորապես 5 կմ շառավիղով է տարածվում։ Այս պահին կրակը թույլ է, քանի որ քամի չի նկատվում։

«Հատված կա, որ մեր դիրքապահներն են կանգնած, այդ հատվածը այրվել է արդեն, որոշ հատվածներում կրակը մեջտեղում է, որոշ տեղերում՝ մոտեցել է Սոթք վարչական տարածքի բնակավայրի արոտավայրերին։ Չեմ կարծում, որ կարող ենք այնպես անել, որ կրակը չշարունակվի, որովհետև վտանգավորության աստիճան կա, հույս չենք կարող դնել, որ ադրբեջանցին մեզ վրա չի կրակի։ Եթե այնպես ստացվի, որ կրակը համայնքին մոտենա, բնականաբար արդեն կմտածենք ինչպես կանգնեցնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Բացի կրակ վառելուց, ադրբեջանցիները նաև երկու ժամ կրակել էին Սոթքի հատվածում։ Բնակիչներից շատերը չեն լսել, ենթադրում են, որ կրակոցները հանքի հատվածում են եղել՝ փոքր տրամաչափի զինատեսակներից, քանի որ հանքը բնակավայրից 7 կմ է հեռու։ Այս գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը սահմանային հատվածում, ըստ տեղեկությունների՝ նոր սադրանքների չի դիմել, չնայած պարբերաբար մի քանի կրակոց լսելի է լինում։

«Երբեմն անկանոն կրակոց լինում է։ Կարող են օդ կրակել։ Ինտեսիվ կրակոց եղել է ամսի 28-ին՝ Կութի ուղղությամբ, ավելի մեծ հրաձգային զենքերից էին կրակում, անգամ մեր մոտ է լսելի եղել»,- հայտնեց բնակիչը։