Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյանը՝ Քարեն Բրեդլիին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
 

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը: 
 
«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը:
 
Նա բարձր է գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության օրենսդիր մարմինների համագործակցությունը և ընդգծել երկու երկրների միջև փոխայցելությունների և անձնական շփումների դրական դինամիկան:
 
«Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է, և այս առումով ես պետք է շեշտեմ Միացյալ Թագավորության դերն ինստիտուցիոնալ ձևավորման խթանման և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:
 
Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց սոցիալական խնդիրները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման և տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացը:
 
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը տարածաշրջանում միջազգային իրավունքի պահպանման և խթանման հարցում: