Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Հայաստան
17:19, 25 апрель 2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը:

«Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հատկանշական է, որ ձեր այցն այն օրերին է, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը»,- ողջունելով պատվիրակությանը` նշել է ԱԺ նախագահը:

Զրուցակիցները փաստել են հայ-սիրիական սերտ հարաբերությունների մասին` հիմնված ընդհանուր պատմության և արժեքների վրա:

Երկուստեք ընդգծվել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ փոխհամագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար, ինչը պահանջում է նոր որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին: Այս համատեքստում կարևորում ենք Սիրիայի հետ ակտիվ համագործակցությունը խաղաղության գործընթացում»,- ասել է ԱԺ նախագահը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: