Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաքրման, զտման գործընթացը պետք է վերաբերի նաև փաստաբանական ծառայությանը․ Գագիկ Ջհանգիրյան

Մաքրման, զտման գործընթացը պետք է վերաբերի նաև փաստաբանական ծառայությանը․ Գագիկ Ջհանգիրյան
Հայաստան
12:42, 02 ноябрь 2021
«ԲԴԽ-ն խնդիրը տեսնում է ոչ միայն կոնկրետ դատավորներին պատժելու կամ չպատժելու տիրույթում, այլ՝ մենք ցանկանում ենք ընդունել այնպիսի որոշումներ, որոնք, եթե թույլատրելի է ասել՝ կանխարգելիչ նշանակություն կունենան ապագայում հնարավոր խախտումների համար»,- «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Նա նշեց, որ  այդ առումով իրենց որոշումները նախադեպային բովանդակությամբ են գրվում։ Գագիկ Ջհանգիրյանը նաև ասաց, որ ոչ միայն դատական այլև իրավապահ մարմինների մաքրման զտման կամ ինչպես ընդունված է ասել՝ վեթինգի խնդիրը չի ծագել 2018 թվականի իշխանափոխությունից հետո, դա շատ ավելի առաջ է ծագել։

Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ ինքը, դեռևս 2011 թվականին դատաիրավական բարեփոխումների  այդպիսի մի հայեցակարգ էր մշակել, որը վերաբերելի էր միայն քրեադատավարական ոլորտին և այդ հայեցակարգը տպագրվել է Ամերիկայի դեսպանատան և Պետդեպարտամենտի աջակցությամբ նաև անգլերեն լեզվով։

«Առաջին անգամ այդ խնդիրը այնտեղ է բարձրացվել, որ անհրաժեշտ է մեր դատական համակարգը մաքրել, զտել, նաև իրավապահ այլ կառույցներ՝ նախաքննական, դատախազական օպերատիվ հետախուզական։ Որովհետև հիշում եք, որ Մարտի 1-ի դեպքերից հետո հարյուրավոր անմեղ մարդիկ հայտնվեցին կալանավայրերում, հազարավորները ենթարկվեցին վարչական, ոստիկանական, հարկային, մաքսային տեռորի և այլն։ Մի քանի հազար մարդ արտագաղթեց այդ հետապնդումների արդյունքում և իհարկե այդ զտելու խնդիրը ծագել էր նաև այդ ժամանակ։ Ինձ թվում է՝ գնդակը, ոչ միայն գործադիրի դաշտում է, այլ նաև օրենսդիր մարմնի դաշտում է»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։ 

Նրա խոսքով՝ ցավոք անցած երեք տարիների ընթացքում այս դրույթի հնարավորությունը չի օգտագործվել, և նա հույս ունի, որ հիմա իշխանությունները ոչ միայն քաղաքական կամք կդրսևորեն, այլ նաև կոնկրետ քայլեր կձեռնարկեն, որպեսզի դատական օրենսգիրքը լրամշակվի այս առումով, և դա իրենց հնարավորություն կտա ավելի իրավիճակին համահունչ արձանագրել այդ զտման և մաքրման գործընթացը կամ վեթինգը։

«Բայց դա միայն չի կարող վերաբերել դատական իշխանությանը, դատավորներին, որովհետև, մենք գիտենք, մի քանի մարմիններ աջակցում են, սպասարկում են այդ արդարադատության և դատական փուլին, և՛ դա պետք է վերաբերի նաև նրանց։ Ավելին կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, բայց ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ՝ տարբեր գործերով»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։