Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե կա նոր պատերազմի սպառնալիք, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի դիմում ՄԱԿ-ին»․ aravot.am

«Եթե կա նոր պատերազմի սպառնալիք, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի դիմում ՄԱԿ-ին»․ aravot.am
Հայաստան
16:38, 06 ноябрь 2021
«Ինձ համար անհասկանալի է ՀՀ իշխանությունների նման զիջողականությունը եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար շահեկան տարբերակներին անընդհատ համաձայնելը: Եթե կա նոր պատերազմի սպառնալիք՝ թող բարձրաձայնեն այդ մասին, թող դիմեն ՄԱԿ-ին, թող ասեն, որ մեզ պատերազմի սպառնալիքի ներքո սահմանազատման գործընթաց է պարտադրվում»,- «Առավոտի» զրուցակիցն է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:

– Ռուսական լրատվամիջոցների արտահոսքերի համաձայն, նոյեմբերի 9-ին նախատեսված եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ հերթական գաղտնի փաստաթուղթն է նախապատրաստվում ստորագրման: Թեեւ հայաստանյան պաշտոնյաները հերքեցին, սակայն, նկատի ունենալով՝ գործող իշխանության հայտարարությունների եւ գործողությունների տարբերությունները, ի՞նչ մտահոգություններ պետք է ունենալ, ինչի՞ց պետք է զգուշանալ: 

– Դեռ պարզ չէ, արդյո՞ք այդ օրերին որեւէ հանդիպում տեղի կունենա, թե ոչ, սակայն, իհարկե, ռիսկերը մեծ են: Այդ ռիսկերից է, օրինակ, սահմանազատման գործընթացում սխալ հիմքեր, որոշակի շրջանակներ դնելը եւ դրանք ղեկավարի մակարդակով ամրագրելը: Նման ամրագրումից հետո այդ շրջանակներից դուրս գալ անհնար կլինի:

– Ի դեպ, ՌԴ նախագահը վերջերս հստակ հայտարարեց, որ սահմանազատման եւ սահմանագծման հարցերում Հայաստանն ու Ադրբեջանն առանց ՌԴ-ի, չեն կարող առաջ գնալ: ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի նշած քարտեզները, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են Հայաստանի Հանրապետության վարչական բաժանման մասին օրենքում նկարագրված Հայաստանի Հանրապետության սահմանների հետ»։ Միաժամանակ, իշխանական մեծամասնությունը տապալեց ընդդիմադիրների՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունը: Տպավորություն է, որ որոշակի պայմանավորվածություններ արդեն կան եւ ՀՀ իշխանությունը չի էլ ցանկանում, գոնե ընդդիմության դիմադրության գործոնն օգտագործելով՝ որոշակի պարտադրանքներից ձերբազատվել: Սակայն, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կարծես հաստատեց, որ Բաքվի ներխուժումները ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր Ռուսաստանի առաջնորդությամբ է եղել: 

– Հենց ռիսկերից գլխավորն էլ այն է, որ սահմանազատման/սահմանագծման գործընթացը նախատեսվում է իրականացնել Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը իր հիմքում իրավական գործընթացը տեղափոխում է բացառապես աշխարհաքաղաքական դաշտ եւ Ռուսաստանը եւս մեկ լծակ է ստանում երկու երկրների վրա էլ ամբողջ այդ գործընթացի ընթացքում, որը կարող է տասնամյակներ տեւել: Մինչդեռ, եթե այդ գործընթացը ընթանար ԵԱՀԿ շրջանակներում, կամ գոնե ԵԱՀԿ փորձագետների ներգրավմամբ, ապա այն հնարավոր կլիներ տանել միջազգային իրավունքի շրջանակներում, ինչը, ինչպես միշտ, կհամապատասխաներ Հայաստանի ազգային շահերին: Տեսեք, դուք մեջբերեցիք վարչապետի խոսքը այն մասին, որ նա վստահ է, որ Պուտինի նշած քարտեզները համընկնում են Հայաստանի Հանրապետության վարչական բաժանման մասին 2010թ.-ին ընդունված օրենքում նկարագրված սահմանների հետ: Մյուս կողմից, եթե հիմք ընդունվեն Պուտինի կողմից մատնանշվող 20-ականների քարտեզները, ապա անգամ եթե դրանք 23-ից հետոյի քարտեզներն են, որոնցով Արցախն ու Նախիջեւանը արդեն ապօրինաբար անջատվել էին Հայաստանից եւ փոխանցվել Ադրբեջանին, ապա անգամ դրանք կարող են ավելի շահեկան սահմաններ ապահովել Հայաստանի համար, քան 2010թ.-ին ընդունված ՀՀ օրենքում նկարագրված սահմանները: Ուրեմն ի՞նչ կարիք կա նման հայտարարություն անել: Արդյո՞ք մեր խնդիրը բացառապես այն հատվածների վերադարձնելն է, որոնք այս տարվա մայիսի 12-ին օկուպացրեցին ադրբեջանցիները: Ինչո՞ւ ենք մենք զիջում մեր օրինական իրավունքները, որոնք պաշտպանված են միջազգային իրավունքով: Մեզ ընդամենը մնում է այնպիսի ձեւաչափ նախանշել սահմանազատման-սահմանագծման համար, որը կերաշխավորի միջազգային իրավունքի նորմերի գործողությունը այս հարցում, այդ թվում՝ տեղի հայ բնակիչների իրավունքները, պետության անվտանգության հետ կապված առաջնահերթությունները: Մինչդեռ, եթե մենք հղում ենք անում 2010թ. մեր ընդունած ներքին օրենքի վրա, վաղը բանակցությունների ընթացքում Ալիեւը կհակադարձի Փաշինյանին իր իսկ խոսքերով, որ մեզ այդ օրենքում ամրագրված սահմանները բավարարում են, արդյունքում մենք անվերադարձ կկորցնենք ե՛ւ Ալ լճերը ե՛ւ Արծվաշենի շրջակա լայնածավալ տարածքները, ե՛ւ Շուռնուխին հարող, ե՛ւ Գորիս-Կապանի մեջ մխրճվող տարածքները, ե՛ւ Կապանին մոտեցած տարածքները, իսկ այսպես կոչված՝ անկլավների դիմաց մենք, լավագույն դեպքում, ստիպված կլինենք զիջել Արծվաշենը: Ինձ համար անհասկանալի է ՀՀ իշխանությունների նման զիջողականությունը եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար շահեկան տարբերակներին անընդհատ համաձայնելը: Եթե կա նոր պատերազմի սպառնալիք՝ թող բարձրաձայնեն այդ մասին, թող դիմեն ՄԱԿ-ին, թող ասեն, որ մեզ պատերազմի սպառնալիքի ներքո սահմանազատման գործընթաց է պարտադրվում: Թող միջազգային տարբեր ատյաններում պահանջեն Սյունիքի սահմանների մոտից ադրբեջանական զորքերի կուտակումները ետ քաշել: Թող ավելի նախաձեռնող լինեն եւ դիվերսիֆիկացնեն արտաքին փոխազդեցությունները, այլ ոչ թե մնան բացառապես Ռուսաստանի պարտադրանքների տիրույթում: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։