Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը ցանկանում է իր ռազմական հաղթանակը վերածել քաղաքական հաղթանակի. Որոնք պետք է լինեն Հայաստանի անելիքները

Ադրբեջանը ցանկանում է իր ռազմական հաղթանակը վերածել քաղաքական հաղթանակի. Որոնք պետք է լինեն Հայաստանի անելիքները
Հայաստան
14:20, 19 ноябрь 2021
Civic.am-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Կայծ Մինասյանի հետ։ 

- Պարոն Մինասյան, Ադրբեջանը զինված հարձակում գործեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, հայկական կողմից կան զոհեր, գերիներ, սակայն որևէ պետություն այդպես էլ հասցեական չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Ի՞նչն է այս լռության պատճառը։

- Դա անտարբերություն և տգիտություն է, որն իրականում առնվազն 20 տարվա «ինքնասպանություն» գործած հայկական դիվանագիտության արդյունք է։ Իրար հաջորդող իշխանությունները նվազագույնի են հասցրել Հայաստանի դիվանագիտությունը և ընդհանրապես Հայաստանի դերն աշխարհում՝ չստեղծելով «փափուկ ուժ» (soft power)։ Եվ սա այն պարագայում, երբ հատկապես սփյուռքը՝ իր բոլոր հնարավորություններով հանդերձ, առկա է, բայց, փաստացի, կտրված է բոլոր հակահայկական գործընթացներից։ 20-րդ դարասկզբին Արամ Մանուկյանը հաղթահարեց Հայաստանի այս խոցելիությունը՝ կիրառելով սպասման ռազմավարություն։ Առնվազն 20 տարի սպասման այս ռազմավարությունը բացարձակապես մոռացվել է։ Արդյունքում հայկական պետությունը ոչ մի այլ բանի հետ կապված չէ, քան մի քանի կազմակերպությունների։ Հայկական դիվանագիտությունը պարզապես չի գործում։ Անհույս է։ Վերցրեք երկու օրինակ. ի՞նչ է արվել 30 տարի թուրքական քաղաքացիական հասարակության հետ՝ նրանց թուրք-հայկական հարցի նկատմամբ զգայուն դարձնելու և այն Անկարայի վրա ճնշման լծակի վերածելու համար։ Ոչինչ։ Մեկ այլ օրինակ. ֆրանսիական Orange հեռախոսային օպերատորը լքել է Հայաստանի տարածքը կոռուպցիայի պատճառով Երևանում, իսկ դիստրիբյուտորական Carrefour ընկերությանը 7 տարի է պահանջվել Երևանում առևտրի կենտրոն բացելու համար. երկու դեպք, որոնց նպատակն էր գոհացնել այն ժամանակվա հայկական իշխանությանը մոտ կանգնած հայ օլիգարխներին: Այս պայմաններում ինչպե՞ս եք ցանկանում ազդել Ֆրանսիայի և Եվրոպայի վրա, եթե խոշոր ընկերությունները հեռանում են Հայաստանից կամ հուսահատվում են այնտեղ հաստատվել։ Մենք բացառապես պատասխանատու ենք մեզ հետ կատարվողի համար։

- Ֆրանսիայից, Եվրոպայից զատ՝ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը կրկին որևէ քայլ չեն ձեռնարկում Հայաստանի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունների շրջանակներում որևէ օգնություն ցուցաբերելու համար Հայաստանին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ և որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը հաջորդիվ։ 

- Հայաստանն այլևս մեծ ընտրություն չունի. կա՛մ ամեն գնով պաշտպանվում է, բայց իր հիմքերը կորցնելու ռիսկի է դիմում, կա՛մ գնում է հնարավոր նվազագույն անբարենպաստ փոխզիջման: Հայաստանն առաջին հերթին պետք է մտածի արդյունավետ պետության հիմքերը կառուցելու մասին։ Դրան հասնել հնարավոր կլինի միայն ոչ ներկայիս ուժով, առավել ևս՝ նախկին ռեժիմի ուժերով։ Հայերն ավելի լավին են արժանի, քան «պարտվողների» և «գողերի» միջև ընտրությունը։ Չես կարող հույս կերտել իշխանություն տապալվածների հետ և չես կարող հնարավորություն տալ նրանց, ովքեր 30 տարի թալանել են Հայաստանը։ Պետք է մտածենք երրորդ  ճանապարհի մասին՝ պրագմատիկ, պատասխանատու, չափավոր, որի առաքելությունը պետություն կառուցելն է, ուրիշ ոչինչ։

- Ի՞նչ  իրադարձություններ նպաստեցին այսպիսի ռազմական էսկալացիայի ծավալմանը, և ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։ Արդյոք խնդիր է դրված հենց ա՞յս ճանապարհով հասնել միջանցքին։

- Ադրբեջանը ցանկանում է իր ռազմական հաղթանակը վերածել քաղաքական հաղթանակի։  Նա հարձակվեց Հայաստանի վրա՝ արտահայտելու իր զայրույթը Բաքվի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում Հայաստանի դանդաղության առնչությամբ։ Ադրբեջանին այս գծագրումն անհրաժեշտ է Արցախի դոսյեն խեղդելու համար։ Իսկ եթե բավարարվածություն չի ստանում, ապա ռազմական գործողություններ է սկսում՝ փորձելով «միջանցք» բացել Սյունիքում։ Երկու դեպքում էլ Ադրբեջանը ցանկանում է քաղաքական հաղթանակ՝ արցախյան հակամարտության կարգավորում և Նախիջևանի հետ «միջանցքի» բացում։ 

- Հայկական կողմը շարունակում է պնդել, որ միջանցքի տարբերակը բացառված է։ Այս ֆոնին ռազմական գործողությունների շարունակություն, վերսկսում տեսնո՞ւմ եք։


- Հայաստանն իրավացի է, որ պնդում է հաղորդակցության ուղիների վերահաստատումը, այլ ոչ թե խոսում «միջանցքի» մասին։ Բացառված է։ Բայց քանի դեռ Ադրբեջանը չի նվաճել իր քաղաքական հաղթանակը, Բաքուն սադրանքներ է սկսելու սահմանը սահմանազատելու (Արցախյան հակամարտության լուծում) կամ «միջանցք» բացելու  (պանթուրքիզմի իրացում) համար: Եթե Հայաստանն աներ նույն բանը 1994-1995-1996 թվականներին, որ ռազմական ճնշման տակ Ադրբեջանը ճանաչեր Արցախի անկախությունը, որտե՞ղ կլինեինք մենք այսօր։