Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանյան կայքը թշնամուն ձեռնտու սցենարով «տեղեկություններ» է տրամադրում Արցախի, խաղաղապահների, Հայաստանի մասին և հակառակորդի համար ցանկալի ֆոն ստեղծում․ Վահրամ Աթանեսյան

Հայաստանյան կայքը թշնամուն ձեռնտու սցենարով «տեղեկություններ» է տրամադրում Արցախի, խաղաղապահների, Հայաստանի մասին և հակառակորդի համար ցանկալի ֆոն ստեղծում․ Վահրամ Աթանեսյան
Հայաստան
17:50, 24 ноябрь 2021
«Նման հրապարակումները շատ վտանգավոր են։ Դրանք ակնհայտ պատվիրված են և կոնկրետ նպատակ են հետապնդում։ Այդ կայքի խմբագիրը չէր կարող ինքնուրույն  նման տեխնոլոգիական հնարք մտածել և դնել շրջանառության մեջ։ Դա ինչ-որ մեկին պետք է եղել»,- անդրադառնալով Politik.am-ի հրապարակմանը՝ Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Նշենք, որ կայքը նախօրեին տեղեկություն էր տարածել, թե շաբաթներ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոսկովյան այցը շատ վատ է անցել։ Իբրև թե «ռուսական կողմը խիստ զայրացել է Արայիկ Հարությունյանի վրա։ Հարությունյանին ասել են, որ ռուսական կողմը ամեն բան արել է, որ ինքը շարունակի Արցախում մնալ իշխանության գլուխ, բայց փոխարենը ոչինչ չեն ստացել»։

Ապա, ըստ նույն կայքի, Մոսկվայից վերադառնալուց հետո Հարությունյանը իբրև թե գնացել է Փաշինյանի հետ հանդիպման, և այդ հանդիպումը ևս անցել է լարված մթնոլորտում, հնչել են վիճաբանության ձայներ։

Կայքն այսքանով չի սահմանափակվել և ավելի է ճոխացրել սցենարը՝ գրելով, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը հանդիպել է ռուս խաղաղապահների հետ և նրանց ինչ-որ կրիչ է փոխանցել՝ ակնարկելով, որ դա Փաշինյանի հետ իրենց խոսակցության ձայնագրությունն է եղել։ 

«Հայաստանյան, երևանյան կայքը, անանուն աղբյուրներին հղում անելով, տեղեկատվություն է տարածում, որ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի հանդիպումն ավարտվել է գոռգոռոցներով, որ Արցախի նախագահի այցը Մոսկվա տապալվել է, որ Արցախի նախագահի ու ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության հարաբերությունները լարված են եղել։ Սրանք տեղեկություններ են, որոնք ստանալու համար թշնամական կողմը պետք է մեծագույն ջանքեր գործադրի՝ չհաշված այն հանգամանքը, թե դա որքանով է համապատասխանում իրականությանը։ Սրանք այն հարցերն են, որոնք հետաքրքրում են թշնամական կողմին, և հայաստանյան կայքը թշնամական կողմին տեղեկություններ է տրամադրում, ընդ որում՝ թշնամական։ Ըստ այդ կայքի՝ ստացվում է, որ ՀՀ կառավարությունում կամ Արցախի խորհրդարանում կան մարդիկ, շրջանակներ, որոնք հակառակորդին ցանկալի ֆոն են ստեղծում Հայաստան-Արցախ հարաբերությունների, Արցախի իշխանություն-ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարություն հարաբերությունների վերաբերյալ»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ անկասկած այդ տեղեկատվությունը հայտնվելու է թշնամական երկրի տեղեկատվական դաշտում, և քաղաքական շրջանակներում քննարկելու են այդ տեղեկատվությունը, իսկ հատուկ ծառայությունները ուսումնասիրելու են և փորձելու են ձեռնարկել քայլեր, որպեսզի իրավիճակը տարվի դեպի այն պատկերը, որը հրապարակված է այդ կայքում։

ՀՀ կառավարությունից հրաժարվեցին մեկնաբանել, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոսկովյան այցից հետո վերջինս Փաշինյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ, և թե ի՞նչ մթնոլորտում է անցել այդ հանդիպումը։ ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ այդ կայքի որևէ հրապարակում ինքը չի մեկնաբանում։

Նույն պատասխանը ստացանք նաև Արցախի նախագահի խոսնակից։ «Առանց մեկնաբանության»,- եղավ պատասխանը։