Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գույքը գնահատող կազմակերպությունը պետք է ապահովագրվի, նվազագույն ապահովագրման չափը կլինի տարեկան 150 մլն դրամ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Գույքը գնահատող կազմակերպությունը պետք է ապահովագրվի, նվազագույն ապահովագրման չափը կլինի տարեկան 150 մլն դրամ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին
Հայաստան
13:57, 01 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց նաև «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։ 

Հիմնական զեկուցող՝ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, թվարկեց առաջարկվող փոփոխությունները . ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները հետևյալներն են. 
Ընդլայնվում է օրենքի գործողության ոլորտը, և անշարժ գույքից բացի՝ կանոնակարգվում են նաև շարժական գույքի և ոչ նյութական ակտիվների գնահատման գործընթացները։ Ընդլայնվում են գործող օրենքով պարտադիր սահմանված գնահատման դեպքերը, և պարտադիր գնահատման դեպքեր են սահմանվում պետական կամ համայնքային գույքը վարձակալության հանձնելը, պետական կամ համայնքային  կարիքների համար գույք վարձակալելը, ինչպես նաև գույքի սեփականատիրոջը սնանկ ճանաչելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով օտարելը։ 

Գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար որոշակի նվազագույն պահանջներ են սահմանվում, ներդրվում է գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիրը, ինչպես նաև օրենքի ընդունմամբ ՀՀ-ում կներդրվի գնահատողների ինքնակարգավորման ինստիտուտը։

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է որակավորման վկայականների տրամադրման համար նախատեսված պետական տուրքը 20.000 դրամից դարձնել 30.000 դրամ։ 
Առաջարկվող բովանդակային փոփոխություններն են՝ որակավորման մասնագիտական հանձնաժողովներում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով նախատեսվում էր, որ գնահատող անդամներն ընդգրկվելու են 3 տարի ժամկետով։ Առաջարկում ենք ժամկետը կրճատել՝ ընդգրկել 1 տարով, այդպիսով չենք ունենա գնահատող հանձնաժողովի անդամներ, որոնք երկար տարիներ կլինեն այդ հանձնաժողովի անդամ»։ 

Մյուս առաջարկվող փոփոխությունը՝ գնահատողը պարտադիր պետք է լինի ինքնակարգավորվող կազմակերպության անդամ և լիազոր մարմնում հաշվառվելու համար պետք է ներկայացնի նաև ինքնակարգավորվող մարմնի անդամակցությունը հավաստող փաստաթուղթ. «Առաջարկում ենք նաև գույքի բռնագանձման դեպքում դրանց իրացումը պարտադիր գնահատման դեպք սահմանել։ 

Գնահատող կազմակերպությունը պետք է ապահովագրվի, սակայն նվազագույն չափը կախված կլինի այդ ընկերությունում աշխատող գնահատողների քանակից, և մեկ գնահատողի հաշվարկով՝ նվազագույն ապահովագրման չափը կլինի տարեկան 150 մլն դրամ։ Այսինքն՝ որքան շատ աշխատակից ունենա այդ կազմակերպությունը, այնքան մեծ գումարով պետք է իր գործունեությունն ապահովագրի»,- հավելեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը։   

Նա նաև ընդգծեց, որ լիազոր մարմնի կողմից անցկացվող որակավորման քննություններին մասնակցելու համար անձը կարող է դիմել՝ անկախ իր ստացած մասնագիտությունից, երբ անցել է վերապատրաստում ինքնակարգավորվող կազմակերպություններում և մասնակցել քննության ու ստացել որակավորման վկայական. «Կհրապարակվի նաև գնահատողների անվանացանկը, ինչպես նաև իրենց համաձայնության դեպքում կոնտակտային տվյալները։ Առաջարկում ենք օրենքն ուժի մեջ մտցնել 2022թ. հուլիսի 1-ից։ Այն գնահատողները, որոնք արդեն իսկ ունեն գնահատման վկայականներ, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսում պետք է անդամակցեն ինքնակարգավորվող որևէ կազմակերպության»։