Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կադաստրի կոմիտեում գույքի իրավունքների գրանցման համար ՀՀ քաղաքացիների փաստաթղթերը կներկայացվեն էլեկտրոնային եղանակով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Կադաստրի կոմիտեում գույքի իրավունքների գրանցման համար ՀՀ քաղաքացիների փաստաթղթերը կներկայացվեն էլեկտրոնային եղանակով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին
Հայաստան
12:31, 01 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքի և պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 2020թ. հունվարի 22-ի ՀՕ6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերին։

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ կադաստրի կոմիտեի պետի տեղակալ Սուրեն Թովմասյանը նշեց, որ Կադաստրի կոմիտեում իրավունքների գրանցման համար ՀՀ քաղաքացիները, սուբյեկտները ներկայացնում են քաղաքաշինական փաստաթղթեր՝ շինթույլտվություններ և այլն։ Մինչդեռ այս օրենքի փոփոխությամբ այդ փաստաթղթերը պետք է էլեկտրոնային եղանակով համայնքների՝ տրամադրող մարմինների կողմից ներկայացվեն Կադաստրի կոմիտե, և ներկայացման պահից դրանք համարվելու են ներկայացված՝ իրավունքների գրանցման համար. «Նպատակն է զերծ պահել քաղաքացիներին այդ ծավալուն փաստաթղթերն այս ու այն կողմ տանելուց, ինչպես նաև չեն ծանրաբեռնվի Կադաստրի կոմիտեի գրասենյակները, որտեղ սքանավորում են այդ փաստաթղթերը և ներմուծում տվյալների բազա։ Այս փոփոխությամբ այդ նույն փաստաթղթերը տպագրվում են էլեկտրոնային ֆայլից, և այդ ֆայլը հնարավոր է ներկայացնել համայնք կամ համապատասխան մարմին, որը հետո էլեկտրոնային հարթակի օգնությամբ կտրամադրի Կադաստրի կոմիտեին»։ 

Հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց՝ որոշումն ընդունվեց, հարցը կքննարկվի 24-ժամյա ընթացակարգով, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի 2022թ. հունվարից։