Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը հավանություն տվեց կառուցապատողների համար անշարժ գույքի հարկային բազան նվազեցնելու նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց կառուցապատողների համար անշարժ գույքի հարկային բազան նվազեցնելու նախագծին
Քաղաքականություն
13:40, 20 май 2021
Այսօր՝ մայիսի 20-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում էր ներառված նաև ՀՀ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը, որը հավանության արժանացավ։ 

Զեկուցող՝ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ  նախագծով առաջարկվում է լուծել այն խնդիրները, որոնք ծագել են կառուցապատող տնտեսվարողների մոտ կապված անշարժ գույքի հարկման համակարգը կադաստրային շուկայականին մոտարկված արժեքների կիրառման հետ և այդ խնդիրները երկու բնույթի են․ «Առաջինը՝ գործարքի գնի չափի որոշմանն է վերաբերում, և երկրորդը՝ գործարքի պահի ճանաչմանը։ Առաջին դեպքում, քանի որ կիրառվում է անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային շուկայականին մոտարկված արժեքը, ըստ գնահատականի այն իր մեջ արդեն պարունակում է ԱԱՀ, հետևաբար ԱԱՀ-ի և շահութահարկի բազայի ձևավորման տեսակետից կստացվի, որ երկու անգամ է հաշվարկվում այս մեծությունը»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց, որ դրանով պայմանավորված կարգավորման փոփոխության առաջարկությունն այն է, որ կիրառվի կադաստրային շուկայականին մոտարկված արժեքի 80 տոկոսը՝ հարկման բազայի հաշվարկման նպատակով։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարն անդրադառնալով երկրորդ փոփոխությանը՝ նշեց, որ շատ հաճախ անշարժ գույքն օտարվում է ոչ թե պատրաստ լինելու ժամանակ, այլ գնման իրավունքի օտարմամբ է սկսվում գույքի օտարման գործընթացը․ «Դրանով պայմանավորված առաջարկվում է որպեսզի գործարքի կատարման պահը ճանաչվի գնման իրավունքի գրանցման օրը։ Եվ նաև այդ ժամանակահատվածում գնահատվի կադաստրային մոտարկված արժեքը, որը հետագայում ՊԵԿ-ին հնարավորություն կտա ներկայացված հաշվետվությունները համադրել տվյալների այն բազայի հետ, որը կադաստրում առկա կլինի»։ 

Ջաջնուղազյաին խոսքով սա նաև կտա հնրավորություն ՊԵԿ-ին՝ որոշել, թե որքանով է ներկայացված հաշվետվությունը համապատասխանում սահմանված կարգավորումներին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Ջանջուղազյանի խոսքի ավարտից հետո հարց ուղղեց նրան․ «Այս որոշմամբ մենք աջակցու՞մ ենք անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների ավելի գրավչությանը։ Եթե հարկային բազան նվազեցնում են՝ դա անշարժ գույքի գնի վրա՞ էլ է ազդեցություն ունենում»։

Ի պատասխան այս հարցադրման Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ եթե սա տեղի չունենար, կարող էր հակառակ ազդեցությունը լիներ։