Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն առաջարկում է մինչեւ 2024թ․ գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվները շահութահարկից ազատել

Կառավարությունն առաջարկում է մինչեւ 2024թ․ գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվները շահութահարկից ազատել
Հայաստան
15:43, 28 апрель 2021
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծի նպատակը գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրի շարունակական բարելավումն է:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում եւ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկից ազատվում են նաեւ գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատիվները՝ իրենց անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով։

Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էր, ով ասաց, որ արտոնությունը իրապես պետք է լինի տնտեսապես հիմնավոր, հակառակ պարագայում այն ինքնանպատակ կլինի։ Նրա խոսքով՝ նախկինում արտոնությունների շնորհիվ միայն 2018-ին իրացման շրջանառությունը հատել է 154 միլիարդ դրամի սահմանգիծը։

Ըստ նախագծի՝ կբացառվի օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացած նպատակային դրամական միջոցները շահութահարկով ծանրաբեռելու հնարավորությունը՝ սահմանելով, որ այդ դրամական միջոցները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս։