Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի մաքսակետի գործող արտոնությունը կչեղարկվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Մեղրիի մաքսակետի գործող արտոնությունը կչեղարկվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Տնտեսություն
15:14, 28 апрель 2021
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Բաբկեն Թունյանի, Ալեն Սիմոնյանի և Կարեն Համբարձումյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծը ներկայացնող Սիսակ Գաբրիելյանի խոսքով` դեռևս 2017 թվականին Սյունիքի համայնքապետերից մեկը դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին և խնդրել հարկային արտոնություն սահմանել իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու համար: Ըստ պատգամավորի` ընդունված օրենքն առաջին հայացքից դրական է, սակայն իրականում այն վերաբերում է մենաշնորհի խրախուսմանը:

«Խոսքը վերաբերում է սրան` Մեղրիի անցակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի առկայության դեպքում, եթե մեքենաները գալիս են Իրանի Իսլամական Հանրապետությունից, ազատվում են ճանապարհային հարկի վճարումից»,- ասաց Գաբրիելյանը:

Նրա խոսքով` դեռևս 2004 թվականից այդ հեռավորության վրա մեկ մաքսակետ է գործում և նույնիսկ ֆիզիկապես հնարավոր չէ երկրորդ պահեստը կառուցել:

Քաղաքական մեծամասնության պատգամավորի պնդմամբ` պահեստի սեփականատերը համայանքապետի կինն է: 2019-ին ԻԻՀ-ից պահեստ մուտք գործած մեքենաների 70 տոկոսը, ըստ պատգամավորի, այդ ընտանիքին պատկանող բիզնեսն է:
Այժմ պատգամավորներն առաջարկում են հանել այդ արտոնությունը, որպեսզի մյուս տնտեսվարողները կարողանան այնտեղ պահեստ բացել: