Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիճակախաղերի գովազդային ժամը կսահմանափակվի․ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին․

Վիճակախաղերի գովազդային ժամը կսահմանափակվի․ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին․
Հայաստան
18:09, 29 апрель 2021
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը` նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Արմեն Հայրապետյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո  նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը նշեց, որ նախագծի մշակման ընթացքում հանդիպել է ոլորտի բազմաթիվ մասնագետների հետ եւ շատ երկար ժամանակ է ծախսել օրենքի վրա․ նա առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

Իսկ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ասաց, որ ԶԼՄ-ների կողմից եղել են մտահոգություններ, որ վիճակախաղերի մասնակիցների թիվն ավելացել է:

Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ նշված մտահոգությունները չեն վերաբերում նախատեսվող փոփոխություններին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։