Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀՀ Կառավարությունը երբեք չի հրաժարվել բոլոր գերիներին հայրենիք վերադարձնելու իր հանձնառությունից». Էդուարդ Աղաջանյան

«ՀՀ Կառավարությունը երբեք չի հրաժարվել բոլոր գերիներին հայրենիք վերադարձնելու իր հանձնառությունից». Էդուարդ Աղաջանյան
Հայաստան
15:20, 10 декабрь 2021
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Բաքվից վերադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել, ասաց, որ կա օրենք, որը ենթադրում է որոշ ընթացակարգեր, և, իր ենթադրությամբ, ըստ այդ ընթացակարգերի՝ այն անձինք, ովքեր ենթակա են ներգրավման կոնկրետ քրեական գործերի շրջանակներում, պետք է համապատասխան ժամկետների մեջ ներգրավվեն այդ գործերի շրջանակներում։ 

Աղաջանյանը նշեց նաև, որ բազմաթիվ զինվորականներ անցնում են տարբեր քրեական գործերով, հետևաբար այն պնդումը, թե կան բարձրաստիճան զինվորականներ, որ կարող են մեղավոր լինել տարբեր հանցանքների մեջ և չեն անցնում քրեական գործերով, չի համապատասխանում իրականությանը։

Անդրադառնալով հրապարակումներին, թե Իրանը Ադրբեջանի և Վրաստանի հետ համագործակցելու է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով Սև ծովը Պարսից ծոցին կապելու «միջանցք»-ի հարցով, Աղաջանյանն ասաց, որ այն դեռ հաստատված չէ, հետևաբար ժամանակավրեպ է համարում անդրադառնալ այդ հարցին։

Վերադառնալով գերիների հարցին և հնարավորությանը, որ գերեվարված անձինք Ալեն Սիմոնյանի խոսքից հետո կարող են դիմել՝ երրորդ երկիր տեղափոխվելու համար, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ գերիների գերեվարման հետ կապված դրվագների վերաբերյալ քրեական գործերը պայմանավորված չեն որևէ քաղաքական գործչի պատկերացումներով։ Թեման, ըստ Աղաջանյանի, շատ նուրբ է ու պետք է զգույշ լինել, և բոլոր գերիներն էլ, որ վերադարձել են հայրենիք, անցել են նույն ընթացակարգով, և եթե եղել են մեղավորներ՝ ենթարկվել են պատասխանատվության, եթե մեղավոր չեն եղել՝ չեն ենթարկվել։ «Համապատասխան մարմինները քննություն են իրականացնում՝ պարզելու համար, թե ի՞նչ պայմաններում են վերջիններս հայտնվել գերիի կարգավիճակում»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը։  

Աղաջանյանը նշեց, որ պնդումները, թե այսպիսի հայտարարություններով իշխանության կողմից փորձ է արվում խուսափել գերիներին վերադարձնելու պարտականությունից, չեն համապատասխանում իրականությանը։ «ՀՀ Կառավարությունը երբեք չի հրաժարվել բոլոր գերիներին հայրենիք վերադարձնելու իր հանձնառությունից»,- նշեց Աղաջանյանը։