Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը. Էդուարդ Աղաջանյան

Առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը. Էդուարդ Աղաջանյան
Քաղաքականություն
19:43, 22 октябрь 2021
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Էդուարդ Աղաջանյանը հաջողություններ է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Խոսելով երկկողմ կապերից՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը՝ Էդուարդ Աղաջանյանն այս հարցում կարևորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ և արդյունավետ գործունեությունը: Նշվել է, որ Ազգային ժողովում շուտով կձևավորվի հայ-իտալական բարեկամական խումբը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը եւս կարևորել է հայ-իտալական հարաբերություների զարգացումը, խորհրդարանական համագործակցության ակտիվացումը:

Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է տարածաշրջանում հետպատերազմյան իրադրությունը, ընդգծել, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արժևորել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում հայ-իտալական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Ալֆոնսո Դի Ռիզոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը նպաստելու երկկողմ բարեկամական կապերի խորացմանն ու ամրապնդմանը: