Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստան մեկնած 100 ՀՀ զինվորների թվաքանակը այնպիսի չէ, որ այդ բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ փոխնախարար

Ղազախստան մեկնած 100 ՀՀ զինվորների թվաքանակը այնպիսի չէ, որ այդ բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ փոխնախարար
Հայաստան
15:11, 11 январь 2022
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին ժամանակաշրջանում ոչ այդքան լարված իրավիճակ է, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք ռիսկային չէր զինվորներ ուղարկել Ղազախստան՝ հաշվի առնելով մեր սահմաններին պարբերաբար հնչող կրակոցները՝ Արման Սարգսյանն ասաց, որ զինվորների թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են և նրանք իրականացնում են կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ․ «Զինվորներին Ղազախստան ուղարկելու հարցում որևէ ռիսկային խնդիր չկա, որովհետև մեր թվաքանակը այնպիսի չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի»,-ասաց նա ու հավելեց, որ թեպետ զինվորների վերադարձի ժամկետ չի կարող նշել, բայց ուղարկելուց հաղորդագրության մեջ ընդգծել են, որ սահամանափակ ժամանակահատվածով են մեկնում։

ՊՆ փոխնախարարը հորդորեց  հետևել պաշտոնական լրահոսին և ընդգծեց, որ վերջին ժամանակաշրջանում հետևածները կարող են համոզվել, որ հասարակությունից որևէ գաղտնիք չի պահվում։