Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանամերձ համայնքներին կառավարության կողմից տրվող աջակցության չափը մեծանալու է. Գնել Սանոսյան

Այսօր՝ հունվարի 13-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:

Ինչպես նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախկինում սահմանամերձ համայնքներն ու բարձրլեռնային համայնքները նույն տողում էին. «Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել, նրանց համար, այսպես ասած, առանձին տող հատկացնել և կառավարության կողմից տրվող աջակցության չափը մեծացնել»:

Մյուս փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին: «Այստեղ տոկոսադրույքները փոխվել են. մինիմում շեմը սահմանվել է 70 տոկոս, իսկ սահմանամերձ ու բարձրլեռնային համայնքներում մինչև 80 տոկոս կառավարության մասնակցությամբ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ մեկ այլ ուղղություն է արոտավայրեր տանող ճանապարհների բարեկարգումը, և Գնել Սանոսյանը համայնքներին խորհուրդ տվեց այդ նպատակով դիմել կառավարությանը:

«Մեկ այլ ամբողջովին նոր ուղղություն կա. ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն՝ առաջարկելով, որ կառավարությունը համայնքների հետ մասնակցություն ունենա այս կառուցմանը»,- նշեց Գնել Սանոսյանը:
ՏԿԵ նախարարը հաղորդեց նաև, որ ծրագրերի ավարտից մեկ տարի անց բոլոր ծրագրերը պետք է ենթարկվեն մշտադիտարկման. «Եթե հայտնաբերվեն թերություններ, համապատասխան որոշումներ կկայացվեն կամ պատժիչ միջոցներ կկիրառվեն՝ հաշվի առնելով, որ սրանք նպատակային սուբվենցիաներ են»: