Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է SIPRI-ի տվյալները ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է SIPRI-ի տվյալները ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին
Հայաստան
20:02, 16 март 2021
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարտի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ձեռք բերված ՍՈՒ-30 ինքնաթիռներին։

Աշոտյանը, մասնավորապես, վկայակոչելով Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի զեկույցը, մեղադրել էր Հայաստանի գործող իշխանություններին 2018-2020 թվականների ռազմական բյուջեների 76 տոկոսը «չկրակող ինքնաթիռների» վրա ծախսելու մեջ։
«Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ մարտի 15-ին հրապարակած զեկույցի Հայաստանի խեղկատակը չկրակող ինքնաթիռների համար վճարել է 190 մլն ԱՄՆ դոլար, այսինքն, ըստ նույն զեկույցի հեղինակների, 2018-ից մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը Հայաստանի կողմից զենք-զինամթերքի վրա ծախսած գումարի (248 մլն $) 76%»:

Գրառումն Աշոտյանն ամփոփել էր՝ պնդելով, որ իշխանությունները ստել են՝ հայտարարելով, թե չորս ՍՈՒ-երի համար վճարել են մոտ 130 մլն դոլար։
Արմեն Աշոտյանի հրապարակումը տարածվել է նաև մի շարք լրատվական կայքերում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել՝ արդյո՞ք Աշոտյանի հրապարակած տվյալները համապատասխանում են իրականությանը։

Աշոտյանը մեջբերել է ոչ ճշգրիտ տվյալներ

Աշոտյանի հրապարակած լուսանկարում հրապարակված է Trend Indicator Value (TIV) կամ Միտման ցուցանիշի արժեքը։ Ինստիտուտի՝ հաշվարկի մեթոդոլոգիայի բացատրության բաժնում ներկայացված է այս ցուցանիշի հաշվարկի բացատրությունը։
Այսպես, TIV-ը զենքերի առևտրի հիմնական միտումները հասկանալու համար կազմված ընդհանուր արժեք է՝ հիմնված միավոր զինատեսակների արտադրության հայտնի արժեքների հաշվարկի վրա։ Ըստ ինստիտուտի՝ այս ցուցանիշը ոչ թե ռազմական ծախսերի և փոխանցումների արժեքի արտահայտման նպատակ ունի, այլ ռազմական ռեսուրսների շրջանառության ծավալների մասին տեղեկություն փոխանցելու։ «Դրանք լավագույնս օգտագործվում են՝ որպես որոշակի ժամանակահատվածում զենքի միջազգային փոխանցումների միտումները, մատակարարների և ստացողների համար համաշխարհային տոկոսները ․․․ հաշվարկելու հում տվյալներ»,- մասնավորապես, նշված է SIRPI-ի կայքի համապատասխան բաժնում։

ՍՈՒ-երի համար վճարվել է շուրջ 120 մլն դոլար


Իրականում, սակայն, նույն SIPRI-ն հրապարակում է նաև զենքերի առուվաճառքի կնքված պայմանագրերի վերաբերյալ հայտնի տվյալները՝ ըստ ներմուծող և արտահանող երկրների և, առկայության դեպքում, նաև ըստ պայմանագրի արժեքի։ Ինստիտուտի կայքում առկա տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանը շուրջ 120 մլն դոլար է վճարել 4 հատ ՍՈՒ-30 կործանիչ ինքնաթիռների համար։ Զենքերի առք ու վաճառքի մասին տեղեկություններ կարելի է ստանալ SIPRI-ի տվյալների բազայից։

Ճշգրիտ չէ նաև Աշոտյանի այն պնդումը, թե Հայաստանի՝ զենք-զինամթերքի վրա ծախսած գումարների 76 տոկոսն օգտագործվել է ՍՈՒ-30 կործանիչների ձեռքբերման համար, քանի որ, ինչպես նշվեց, TIV աղյուսակները վերջնական տվյալներ չեն և չեն կարող օգտագործվել պետությունների ռազմական ծախսերը չափելու համար։

Ըստ SIPRI-ի՝ Հայաստանը 2018-2019 թվականներին ռազմական ծախսերի համար հատկացրել է շուրջ 1․3 մլրդ ԱՄՆ դոլար գումար, համապատասխանաբար՝ 609 մլն և 673 մլն։  

Հայաստանի պետական բյուջեով 2020 թվականի պաշտպանական ծախսերի համար նախատեսված էր 303 մլրդ դրամ (շուրջ 570 մլն ԱՄՆ դոլար)։ Այսինքն, եթե միասին հաշվենք 2018, 2019 և 2020 թվականների Հայաստանի պաշտպանական ծախսերը, ապա ՍՈՒ-30-ների ձեռքբերումը կազմում է դրանց շուրջ 6 տոկոսը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ վերոնշյալ գումարները վերաբերում են ընդհանուր պաշտպանական ծախսերին, և կոնկրետ զենք-զինամթերքի վրա ծախսված գումարների հստակ թիվ հայտնի չէ։

Այսպիսով, Արմեն Աշոտյանը հրապարակել է Հայաստանի գնած ՍՈՒ-30-ների արժեքի մոտավոր հաշվարկի վերաբերյալ տվյալներ՝ բաց թողնելով արդեն իսկ հրապարակված և ճշգրիտ տվյալները։ Բացի դա, նա մանիպուլացրել է այդ տվյալները՝ պնդելով, թե իշխանությունները, իբր, ռազմական ծախսերի 76 տոկոսը հատկացրել են ՍՈՒ-30-ներին։