Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները փորձում են ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահություն սերմանել․ Արցախի դատախազությունը՝ Խրամորթի և Նորշենի միջադեպերի մասին

Ադրբեջանցիները փորձում են ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահություն սերմանել․ Արցախի դատախազությունը՝ Խրամորթի և Նորշենի միջադեպերի մասին
Հայաստան
12:27, 07 март 2022
Երեկ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում՝ հայկական կողմի ուղղությամբ` արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Իսկ Մարտունու շրջանի Նորշեն գյուղի մոտ ադրբեջանցիները հայերենով գյուղի բնակիչներին բարձրախոսով սպառնում են, իրենց կամքով լքեն գյուղը՝ հակառակ պարագայում դա կարվի ուժի միջոցով։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական սադրանքը կասեցվել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո։ Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ այս պահին իրենք ահազանգ չունեն, և նշյալ բնակավայրերում մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չկան, բայց չի բացառում, որ դրանք կարող են կրկնվել ցանկացած պահի։ 

«Դրանք սադրանքներ են, պարզապես իրավիճակը լարելու, հոգեբանական ճնշում գործադրելու համար են արվում։ Դրանք ծայրամասային գյուղերն են, որոնք գտնվում են անմիջապես ադրբեջանական զինուժի տեղակայման վայրին մոտիկ։ Այդ սադրանքներն արվում են, որ մարդիկ ճնշվեն, վախենան գնան, սա է իրենց ամբողջ նպատակը, բայց փառք Աստծո, լուրջ միջադեպեր չկան»,-ասաց Կիմ Գաբրիելյանը։

Վերջինս նշեց, որ դա այնպիսի ձեռնարկում չի, որ կոշտ հակազդման անհրաժեշտություն առաջանա, իսկ նմանատիպ միջադեպեր հենց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո էլ պարբերաբար եղել են։

«Հիմա էլ գյուղատնտեսական աշխատանքներն են սկսվել և բնակչության ապրելու միջոցը դա է, իսկ ադրբեջանցիները փորձում են այդպիսի սադրանքներով արցախցիներին վախեցնել, որպեսզի զրկեն իրենց կենսական ապահովման հնարավորություններից, որպեսզի այդտեղից հեռանան։ Ամեն միջոց օգտագործում են և՛ հոգեբանական, և՛ տնտեսական, նաև կրակում են։ Այսպիսի սադրանքերով նաև փորձում են ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահություն սերմանել, բայց նման բան չկա»,-ասաց Կիմ Գաբրիելյանը։

Նա նշեց, որ այս պահին հայերի և ադրբեջանցիների միջև անմիջական կոնտակտ չկա, որպեսզի միջադեպերի ժամանակ նրանց հետ բանակցեն, նման դեպքերում միջամտում են ռուս խաղաղապահները, սակայն թե՛ Արցախի իրավապահները, թե՛ ՄԻՊ-ը, թե՛ հայ զինվորականները միջադեպերի ժամանակ անմիջապես գնում են միջադեպի վայր և միջադեպի վերաբերյալ համապատասխան տվյալները փոխանցվում են ռուսական զորակազմին։ 

Լիլիթ Թադևոսյան