Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խրամորթի բնակիչների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հուշում է, որ Արցախում անվտանգության հավելյալ միջոցառումներ են անհրաժեշտ. ԱՀ նախագահի խոսնակ

Խրամորթի բնակիչների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հուշում է, որ Արցախում անվտանգության հավելյալ միջոցառումներ են անհրաժեշտ. ԱՀ նախագահի խոսնակ
Քաղաքականություն
17:31, 16 февраль 2022
Մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանական զինված ուժերն այսօր զենքի սպառնալիքով վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին։ Ըստ նույն տեղեկության՝ միջադեպին ներկա են եղել նաև ռուս խաղաղապահներ։

Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։

«Խրամորթի բնակիչների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հուշում է, որ հավելյալ քայլեր են անհրաժեշտ Արցախի Հանրապետության բնակիչների խաղաղ ապրելու և կենսագործունեության ապահովությունը բարձրացնելու համար։  Անվտանգության հավելյալ միջոցառումներ են անհրաժեշտ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,- ասաց Լուսինե Ավանեսյանը։ 

Վերջինս ռուս խաղաղապահների՝ միջադեպին ներկա գտնվելու և չմիջամտելու հանգամանքը չմեկնաբանեց՝ նշելով, որ այդ հարցով դիմենք խաղաղապահ առաքելությանը։   

Հիշեցնենք նաև, որ երեկ էլ, ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը։

Լիլիթ Թադևոսյան