Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահների և ԱՀ քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճՏՊ միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողներ. Արցախի ԱԱԾ պարզաբանումը

Ռուս խաղաղապահների և ԱՀ քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճՏՊ միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողներ. Արցախի ԱԱԾ պարզաբանումը
Հասարակություն
19:44, 04 июнь 2021
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառել է, որ խաղաղապահները իրականացրել են առաջին «հակատեռորիստական» օպերացիան. «Ըստ օդում կախված լուրերի, Արցախում խաղաղապահները իրականացրեցին առաջին «հակատեռորիստական» օպերացիան։ Մուրադովին ուղեկցող մարդկանց դուր չի եկել անցնող մեքենայի պահվածքը, և նրանք իրականացրեցին «հակատեռորիստական» օպերացիա՝ հրելով մեքենան ճանապարհի եզրին, և կիրառելով ձայնային նռնակներ։  

Արդյունքում պարզվել է, որ մեքենայի մեջ Արցախի ԱԱԾ-ի աշխատողներ էին, որոնք ուղղակի փորձեցին առաջ անցնել Մուրադովի շարասյունը, և ակամա ընկան նման պատմության մեջ։ Փարք Աստծո, բացի շոկից, մեքենայի մեջ գտնվող մարդիկ լուրջ վնասվածքներ չստացան։ Ասում են, որ խնդիրներից խուսափելու համար, նրանց ազատել են աշխատանքից․․․»։  

Civic.am-ը կապ հաստատեց Արցախի ԱԱԾ՝ ճշտելու տեղեկությունը, սակայն մեզ պատասխանեցին, որ ԱԱԾ համապատասխան բաժինը եթե որոշի մեկնաբանություն տալ՝ ապա հետ կզանգի խմբագրություն։ Իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նման հրապարակումներին ու ենթադրություններին որևէ մեկնաբանություն չի տալիս։  

Հ.Գ. Մինչ մեր նյութը պատրաստվում էր թողարկման Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որում ասվում է. Արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին՝ սոցիալական ցանցերում տարածված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի, դրան ԱՀ ԱԱԾ ծառայողների մասնակցության և վերջիններիս աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերին՝ տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերի և ԱՀ քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողներ: Խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողների՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՀ ԱԱԾ ծառայողների առնչությունը միջադեպին պարզելու համար անց է կացվում ծառայողական քննություն: