Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ նախարարի այցն ԱՄՆ շատ կարևոր է՝ հստակ ուրվագծվում են այն ոլորտները, որտեղ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը չի խանգարում Ռուսաստանի հետ համագործակցությանը․ ՄԱԿ փորձագետ

ՀՀ ԱԳ նախարարի այցն ԱՄՆ շատ կարևոր է՝ հստակ ուրվագծվում են այն ոլորտները, որտեղ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը չի խանգարում Ռուսաստանի հետ համագործակցությանը․ ՄԱԿ փորձագետ
Հայաստան
16:23, 04 май 2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ստորագրել է հուշագիր՝ քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ։ 

Civic.am-ի հետ զրույցում էներգետիկայի գծով ՄԱԿ փորձագետ Արա Մարջանյանը նշեց, որ այս համագործակցությունն իր մեջ ներառում է միջուկային այն տեխնոլոգիաների այն կիրառումը, որը կապված է քաղաքացիական խաղաղ օգտագործման համար՝ լինի դա բժշկություն, էներգետիկա, պարենամթերքի պատրաստություն և այլ կիրառական ծրագրեր․ «Այս համաձայնագիրը բավական հին համաձայնագիր է  Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առնվազն 15 տարվա վաղեմության և 5 տարին մեկ դա պարբերաբար թարմացվում է։ Սա շատ կարևոր գործընթաց է և լավ է, որ ստորագրվել է։ Այն տեխնոլոգիաները, որոնք կարող են զարգանալ Հայաստանում ատոմային էներգետիկայի հետ կապված՝ նրանք կարող են բազմաթիվ կիրառություններ ունենալ՝ ճառագայթային բժշկության մեջ, սերմերի գենետիկ ամրապնդման մեջ, նյութագիտության մեջ և այլ ասպարեզներում։ Ինչպես նաև այդ ասպարեզներում համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ կադրերի պատրաստում, դասավանդում, որակական պատրաստության բարձրացում և այլ բնույթի աշխատանքներ»,- մեկնաբանեց փորձագետը։ 

Արա Մարջանյանի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ քաղաքացիական միջուկային համագործակցության արդյունքներից մեկը՝ ճառագայթային բժշկության զարգացումն է Հայաստանում՝ օրինակ ռադիոակտիվ ճառագայթումը, որով հնարավոր է որոշակի տիպի քաղցկեղները բուժել․ «Հայաստանում գործում է այդ ճառագայթային բժշկության լաբորատորիան։ Կան նաև այլ տեխնոլոգիաներ՝ օրինակ ռադիոակտիվ թափոնների վերամշակման մի քանի առաջարկներ է մշակել Հայաստանը թե ԱՄՆ-ի հետ, թե ճապոնական որոշակի գրանտների աջակցությամբ, ինչպես նաև կադրերի պատրաստում, ինֆորմացիոն աջակցություն, միջազգային տվյալների շտեմարանների օգտագործում և այլ բնույթի աշխատանքներ»։ 

էներգետիկայի գծով ՄԱԿ փորձագետն ընդգծեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը ԱՄՆ շատ կարևոր էր, քանի որ արդեն իսկ մի քանի ձեռքբերումներ արձանագրված են և կարևոր ձեռքբերումներից է, որ հայկական օրակարգում պահպանվում է ամերիկյան ուղղվածությունը․ «Իսկ ամենակարևորն այն է, որ հստակ ուրվագծվում են այն ոլորտները, որտեղ ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցությունը չի խանգարում Հայաստանի և իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցության պարագայում։ Հենց փայլուն օրինակ է ատոմային էներգետիկան։ Ատոմակայանի մոդեռնիզացման ուղղությամբ, ինչը Հայաստանի համար չափազանց կարևոր ռազմավարական հարց է՝ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ և ԱՄՆ-ի հետ այս հուշագրի ստորագրումը ոչ մի դրույթով չի հակասում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին»։

ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ երկու երկրների պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով․ «Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով»,- տեղեկացրել է գերատեսչությունը:

Արա Մարջանյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կշարունակվի քննարկվել Մինսկի խմբի շրջանակներում․ «Որոշակի ձևաչափ կգտնվի և շատ կարևոր է պահպանել ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները։ Ադրբեջանը և Թուրքիան ջանում են Ղարաբաղի հետ առնչվող հարցը պահել փակ ակումբի շրջանակներում՝ այսինքն Անկարան, Բաքուն և Երևանը պարփակվեն և իրենց հարցերը լուծեն եռակողմ ձևաչափով։ Սակայն Հայաստանը ջանում է այդ օրակարգը դնել ավելի լայն շրջանակներում և այդ շրջանակներին միացնել նաև ԱՄՆ-ին, ԵՄ-ին և այլ տարածաշրջանային խաղացողներին, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի»։ 

Հարցին՝ Ռուսաստանը և՞ս կներգրավվի Ղարաբաղի հարցի լուծմանը, հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի հարցում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի Ռուսաստանին դեմ վերաբերմունքը՝ փորձագետն արձագանքեց․ «Ակտիվորեն կարծում եմ, որ չի ներգրավվի։ Ռուսաստանն առաջին հերթին կգործի իր շահերից ելնելով և այստեղ առաջ է գալիս այն ֆունդամենտալ ճշմարտությունը, որ կարևորագույն հարցերում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են՝ անվտանգային, էներգետիկ և նմանատիպ այլ հարցերում»։   

Արա Մարջանյանն անդրադառնալով վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպմանը՝ Մոսկվայում, նշեց, որ հանդիպման ընթացքում ընդգծված բարյացակամ վերաբերմունք կար և քննարկվող թեմաների կարևորությունը ապացուցում է, որ Փաշինյանի այցը վերին աստիճանի օգտակար էր և բեղուն թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար։ Ինչ վերաբերում է հարցին՝ այդ այցը ի շահ Հայաստանի որևէ դեր խաղալու է Ղարաբաղի հարցում, մեր զրուցակիցն ընդգծեց, որ գալիք զարգացումների ընթացքում որոշակի վստահություն է ներշնչում և Ռուսաստանը հստակորեն ցույց տվեց, որ չի պատրաստվում լքել Հարավային կովկասը, ինչի հակառակը՝ կործանարար կլիներ։   

Նարա Մարտիրոսյան