Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի հայկական համագումարը կոչ է անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին հաստատել Հայոց ցեղասպանությունը` սոցիալական ցանցում հրապարակումը ջնջելուց հետո

ԱՄՆ-ի հայկական համագումարը կոչ է անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին հաստատել Հայոց ցեղասպանությունը` սոցիալական ցանցում հրապարակումը ջնջելուց հետո
Հայաստան
09:57, 05 август 2022
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա) 76-րդ նստաշրջանի նախագահ և Մալդիվների ներկայիս արտաքին գործերի նախարար մեծարգո պարոն Աբդուլա Շահիդին հաստատել Հայոց ցեղասպանությունը՝ Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ) և թանգարան-ինստիտուտ հուլիսի 27-ին իր կատարած այցելության մասին Twitter-ում իր բնօրինակ հայտարարությունը ջնջելուց հետո։

Ի պատասխան, կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հայտարարեց, որ «ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմության մերժմանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը սխալվեց, որ ջնջեց իր թվիթը և անձնատուր եղավ Թուրքիայի ճնշմանը»:
Մինչ օրս 31 երկրներ և տասնյակ միջազգային կազմակերպություններ ճանաչել են 1915-1923թթ.-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը հանգեցրեց 1,5 միլիոն հայերի կոտորածի և զրկեց մի ժողովրդի իր երեք հազարամյա Արևմտյան Հայաստանի հայրենի հողերի նկատմամբ սեփականության իրավունքից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948թ.-ի դեկտեմբերին ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան («Ցեղասպանության կոնվենցիա»)՝ օրենքով սահմանեց ցեղասպանության հանցագործությունը՝ հաշվի առնելով միջազգային մարդու իրավունքների փաստաբան Ռաֆայել Լեմկինի բազմաթիվ գաղափարները, ով ստեղծեց ցեղասպանություն եզրույթը 1944թ.-ին և վկայակոչեց 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը՝ որպես ցեղասպանության գործողության առաջնային օրինակ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գործողությունները մատնանշում են ցեղասպանության ժխտումը, որը ատելության խոսքի վատթարագույն ձևն է։ 1998թ.-ին Ցեղասպանության կոնվենցիայի 50-ամյակի պատվին ավելի քան 150 նշանավոր գիտնականներ և գրողներ հանդես եկան հայտարարությամբ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը և դատապարտելու թուրքական կառավարության կողմից մարդկության դեմ այս հանցագործության ժխտումը: Հայտարարության մեջ գիտնականներն ընդգծեցին, որ «ցեղասպանության ժխտումը ձգտում է վերափոխել պատմությունը՝ զոհերին սատանայացնելու և հանցագործներին արդարեցնելու համար: Ցեղասպանության ժխտումը՝ ցեղասպանության վերջին փուլն է: Դա այն է, ինչն Էլի Վիզելը անվանել է «կրկնակի սպանություն»: Ժխտումը սպանում է վերապրածների արժանապատվությունը և ձգտում է ոչնչացնել հանցագործության մասին հիշողությունը»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Շահիդի արարքը խաթարում է միջազգային հանրության վստահությունն ու պատասխանատվությունը ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի տառի և ոգու պահպանման նկատմամբ: Ամերիկայի հայկական համագումարը հորդորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Շահիդին հրապարակել հանրային բացատրություն և հերքում՝ իր ջնջված թվիթի վերաբերյալ և հաստատել իր հանձնառությունը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրա ժխտումը դատապարտելու վերաբերյալ:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: