Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի ԳԱ նախագահը սխալվել է՝ հեռացնելով իր թվիթը և կապիտուլյացիայի ենթարկվելով Թուրքիայի ճնշման ներքո․ Ֆրենկ Փալոն

ՄԱԿ-ի ԳԱ նախագահը սխալվել է՝ հեռացնելով իր թվիթը և կապիտուլյացիայի ենթարկվելով Թուրքիայի ճնշման ներքո․ Ֆրենկ Փալոն
Միջազգային
12:02, 02 август 2022
ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնը թվիթերյան էջում քննադատել է օրերս Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցելած ՄԱԿ-ի ԳԱ նախագահ Աբդուլլա Շահիդի արարքը, որը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին և ճնշումներին, հեռացրել է իր այցելության մասին թվիթերյան հրապարակումը: «Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 33 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ ՄԱԿ-ը չպետք է ներգրավվի սեփական պատմությունից Թուրքիայի հրաժարումին։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շախիդըը սխալվել է՝ հեռացնելով իր թվիթը և անձնատուր լինելով Թուրքիայի ճնշմանը»։  

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի և Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլա Շահիդը Հայաստան կատարած այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա  այդ մասին նաև գրառում էր արել Twitter-ում։  ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի թվիթերյան հրապարակումից հետո Թուրքիան չեղարկել էր օգոստոսի 8-12-ն Անկարայում կայանալիք դեսպանների համաժողովին Աբդուլլա Շահիդի մասնակցության հրավերը: Թուրքիայի արտգործնախարարությունն այս առնչությամբ մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, որ Թուրքիան դատապարտում և մերժում է «քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերի ու միջազգային իրավունքի խեղաթյուրման փորձերը»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աբդուլլա Շահիդը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին և ճնշումներին, հեռացրել է վերոհիշյալ թվիթերյան հրապարակումը: