Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատերազմական հանցագործությունների փաստերը կարող ենք նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրաձայնել, որտեղ կարող է դրվել ՄԻԵԴ վճիռների չկատարման փաստը, որպես հիմնավորում»․ Արթուր Սաքունց

«Պատերազմական հանցագործությունների փաստերը կարող ենք նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրաձայնել, որտեղ կարող է դրվել ՄԻԵԴ վճիռների չկատարման փաստը, որպես հիմնավորում»․ Արթուր Սաքունց
Հայաստան
18:59, 19 сентябрь 2022
Սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման հետևանքով 20 զինծառայող գերեվարվել է։ Այս տեղեկությունը հրապարակվել է ՀՀ ԱԽ նիստի ժամանակ։ 

Գերիներին նույնականացնելու ու տվյալները ՄԻԵԴ ուղարկելու գործով զբաղվում է ոչ միայն Հայաստանում միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, այլև տարբեր փաստաբաններ ու իրավապաշտպան կառույցներ։ 

Գերեվարված զինծառայողներից 3-ի տվյալները նույնականացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Անի Չատինյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ գերիներից 2-ը ժամկետային զինծառայողներ են, և նրանց վերաբերյալ փաստերն արդեն իսկ ուղարկվել են ՄԻԵԴ, իսկ 3-րդ գերու տվյալներն ուղարկման փուլում են, նա պայմանագրային զինծառայող է։

«Տեսանյութերը ծնողները տեսել են ու դիմել մեր գրասենյակ։ Գերիներից մեկը Լոռու մարզից է, մյուս երկուսը՝ Երևանից։ Տեսանյութերն իրենց բնույթով նվաստացնող վերաբերմունքի կադրեր են պարունակում՝ դեմքի կողմով գտնին պառկած, ձեռքերն ու ոտքերը կապած՝ ստիպում են ինչ-որ արտահայտություններ ասել»,- նշեց Անի Չատինյանը։  

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ այն փաստը, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված զինծառայող Դավիթ Գիշյանի սպանված մարմինը երկու օր առաջ հանձնել են Հայաստանին։ Նրան նույնականացրել էր Հայաստանում միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու տվյալներն ուղարկել ՄԻԵԴ։

Անի Չատինյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը ժամկետ է տվել Ադրբեջանին՝ մինչև սեպտեմբերի 22-ը գերիների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու համար, բայց բոլոր գործերն անհապաղ տարբերակով են ուղարկում, որպեսզի ապահովվեն գերիների կյանքն ու առողջությունը, ինչպես նաև վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։  

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պրակտիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի ՄԻԵԴ վճիռները չմնան թղթի վրա, այլ Ադրբեջանը ենթարկվի պատասխանատվության։  

«ՄԻԵԴ վճիռների կատարման հսկողությունն իրականացնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, և ՄԻԵԴ վճիռների շարունակական չկատարումը, այդ թվում նաև՝ ֆինանսական փոխհատուցման չտրամադրումը ոչ միայն մեխանիկորեն արձանագրվում են, այլ նաև քաղաքական հետևանքներ են ունենում տվյալ պետության նկատմամբ»,- պատասխանեց Արթուր Սաքունցն ու ընդգծեց, որ պետությունը պետք է ջանքեր գործադրի և ՄԻԵԴ վճիռների չկատարման հիման վրա օրակարգային հարց բարձրացնի նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, որը կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. «Պատերազմական հանցագործությունների փաստերով կարող ենք նաև պարբերաբար ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրաձայնել, որտեղ նաև կարող է դրվել ՄԻԵԴ վճիռների չկատարման փաստը՝ որպես հիմնավորում։ Պետք է շարունակաբար կիրառվեն բոլոր գործիքակազմերը, որպեսզի ի վերջո միջազգային հանրության դիրքորոշում ձևավորվի Ալիևի ռեժիմին դատապարտելու համար, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանվեն»։ 

Նարա Մարտիրոսյան