Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերեվարված զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ, Ադրբեջանը խախտել է ՄԻ եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը․ Հայաստանն արդեն դիմել է ՄԻԵԴ

Գերեվարված զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ, Ադրբեջանը խախտել է ՄԻ եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը․ Հայաստանն արդեն դիմել է ՄԻԵԴ
Հայաստան
12:04, 19 сентябрь 2022
Սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի պետական սահմանի վրա հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայող Դավիթ Գիշյանի մարմինը հանձնվել է Հայաստանին։ 

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ Դավիթ Գիշյանը նույնականացված գերին էր, որի մասով հենց առաջին օրը դիմել էին ՄԻԵԴ. «Ստացվում է , որ Դավիթ Գիշյանը սպանվել է։ Մենք այսօր արդեն տեղեկացրել ենք ՄԻԵԴ-ին, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը, դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը խոշտանգումներից զերծ մնալն է։ Պահանջում ենք արագ կիրառել հրատապ միջոց։ Այսինքն՝ եթե մինչև սեպտեմբերի 22-ն էր Ադրբեջանին ժամանակ տրամադրվել տեղեկություն տալու համար, մենք հիմա ասել ենք, որ չենք սպասում ժամկետին՝ մեզ արագ պատասխան տվեք»,- ասաց նա։

Գերիների, անհետ կորածների, սպանվածների իրավունքների խախտման հարցերով զբաղվող փաստաբան Արտակ Զեյնալյանն էլ հիշատակեց, որ ադրբեջանական կողմից տարածած տեսանյութում հայ զինծառայող Դավիթ Գիշյանին վիրակապում են. «Կրծքավանդակից վիրավորված էր, փաստ է, որ նա ողջ վիճակում գտնվել է  Ադրբեջանում։ Իսկ հիմա մարմինը հանձնել են հայկական կողմին։ Պետք է հետաքննություն, փորձաքննություն իրականացվի՝ պարզելու համար մահվան պատճառը, և բոլոր դեպքերում Ադրբեջանը պետք է պատասխան տա, թե որն է պատճառը, որ զինծառայողը ողջ վիճակում գտնվել է նրանց մոտ և այնուհետև մահացել է»։  

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Գիշյանի հայրը՝ սոցիոլոգ Վարդգես Գիշյանը, սեպտեմբերի 13-ին հրապարակել էր որդու՝ ադրբեջանական կողմում գտնվելու փաստը հաստատող տեսանյութը։ Տեսանյութում պարզ երևում էր, որ հայ զինծառայողը վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ մասի հատվածում, և Ադրբեջանի ԶՈՒ համազգեստով անձինք վիրակապում են վիրավոր զինվորին։ 

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ՀՀ ԶՈՒ 32 զինծառայողի դի։

Փաստաբան, գերիների, անհետ կորածների, սպանվածների իրավունքների խախտման հարցերով զբաղվող Արտակ Զեյնալյանն ավելի վաղ Civic.am-ին ասել էր, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքները մեկ տասնյակից ավելի գերու մասին տեսանյութեր են հրապարակել, մի քանիսը նույնականացված են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Հայկական մի շարք բնակավայրեր ավերվել են, 2 քաղաքացիական անձ զոհվել է, 7-ը վիրավորվել, ՀՀ ԶՈւ զոհերի հաստատված թիվը 135-ն է։ 

Հրադադարը հաստատվել է սեպտեմբերի 14-ին ժամը՝ 20։00-ից։

Նարա Մարտիրոսյան