Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խաղաղություն ենք ուզում, որ էլ զինվոր չզոհվի»․ Ադրբեջանի հարձակումը խաթարել է առողջարանային քաղաք Ջերմուկի և հարակից բնակավայրերի կյանքը

Տարվա բոլոր սեզոններին իր առողջարաններում բազմաթիվ հայ և արտասահմանցի այցելուների հյուրընկալող, աշխույժ առօրյայով ապրող գեղեցիկ բնաշխարհով Ջերմուկ քաղաքի կյանքը գլխիվայր շրջվեց սեպտեմբերի 12-ին՝ կեսգիշերից, երբ Ադրբեջանը մասշտաբային հարձակում գործեց Ջերմուկի տարբեր բնակավայրերի, ինչպես նաև Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ։ Երկու օր շարունակ Ադրբեջանի զորքերը  խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրետանային միջոցներից, կիրառելով նաև ԱԹՍ-ներ՝ ինտենսիվ կրակ էին բացել Ջերմուկի, հարակից բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Մինչ օրս ադրբեջանական զորքերը չեն վերադարձել իրենց ելման հենակետերը, շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, մշտական դիտարկման տակ են պահում բնակավայրերը, ճանապարհներն ու ահուսարսափի մեջ՝ բնակչությանը։
 
Այժմ թեև հաստատվել է հարաբերական հրադադար, սակայն մինչ օրս քաղաքը չի վերադառնում նախկին խաղաղ, բնականոն կյանքին։  Բնակիչները պատմում են, որ հարձակումն այնքան անսպասելի ու սաստիկ է եղել, որ հրետակոծության, անընդհատ հնչող ուժգին պայթյունների առաջին րոպեներին դժվարացել են հասկանալ՝ ի՞նչ և ինչո՞ւ է կատարվում, արդյոք իրենց հետ է տեղի ունենում  նման սարսափելի մղձավանջը։ Բնակիչները, հատկապես կանայք, երեխաները մինչև հիմա չեն կարողանում դուրս գալ հոգեբանական ծանր ճնշվածությունից։ Բնակչության մեծ մասը դուրս է եկել, տեղավորվել Երևանում, Վայքում, Եղեգնաձորում և այլուր՝ իրենց հարազատների, բարեկամների տանը։ Մի մասն արդեն վերադարձել է։ Այս պահին չի գործում ոչ մի մանկապարտեզ, ոչ մի դպրոց, մշակութային օջախ։ Հատուկենտ հյուրատներեն բաց։ Ոչ բոլոր խանութներն են աշխատում։ Առողջարանները թեև բաց են, սակայն առանց այցելուների, ինչը ահռելի տնտեսական վնասներ է պատճառում քաղաքին՝ մեծ թվով մարդկանց համար առաջացնելով սոցիալական ծանր խնդիրներ։ «Ոչ թե փոխվել է, այլ քաղաքի կյանքը մեռած է հիմա, կյանք չկա»,- կարճ այսպես բնութագրեց իրավիճակը Ջերմուկի էլեկտրացանցերում աշխատող մեր զրուցակիցը։
 
Մեզ հետ զրուցած ջերմուկցի տղամարդիկ համոզված են, որ այժմ մեզ պետք է առաջին հերթին բանակը լավ զինել  ու զարգացնել, մեկ էլ պահանջում են, որ իրենց զենքով ապահովեն, որպեսզի մասնակից լինեն թշնամուց իրենց տունը պաշտպանելու գործին։  

Ադրբեջանը հարձակման հենց սկզբից  թիրախավորել է  ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, ճանապարհները, Կեչուտի ջրամբարը, ճոպանուղին, որը հիմա չի գործարկվում։ Մենք տեսանք, որ բազմաթիվ հարվածներ են հասցվել ճոպանուղու մոտակա սրճարաններին ու տոմսարկղի կետին։

 Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանն ասաց, որ 2008 թվականից գործող համայնքային ճոպանուղին տարեկան ունենում էր միջինում 25-35 հազար այցելու։ Նրա խոսքով՝ տարվա այս սեզոնին շատ այցելուներ են ունենում հատկապես դրսից։ Մինչև հրետակոծության օրը և վերջին օրերին ունեցել են օրական 250-300 այցելու, որոնց 90տոկոսը եղել են օտարերկրացիներ։

 Արմեն Թադևոսյանը պատմում է, որ աշխատողը փրկվել է մի հատ խաղի շնորհիվ։ «Ինքը հրաշքով է փրկվել, որովհետև դանդաղեցված կադրերով մեր տեսախցիկներով ամեն ինչ ֆիքսված է, և տեսել ենք՝ ինչ արագությամբ են արկերը թռչում նրա գլխավերևում, կողքերը։ Առաջին հարվածը քաղաքին եղել է կոնկրետ ճոպանուղուն։ Չգիտեմ՝ ինչու։ Եղել է հենասյուների մեջտեղում»,- ասում է տնօրենը։ 
 
Մենք  ականատես եղանք, թե ինչպես են հրետակոծվել և ամբողջությամբ վնասվել գերեզմանատները, փլվել շիրմաքարեր։ Ասում են՝  նպատակ են ունեցել հարված հասցնել  Ջերմուկ-Երևան ճանապարհին, սակայն  հարվածը   դիպչել  է գերեզմանոցներին։
 
Մանրամասները՝ տեսանյութում։