Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթուցիկ սարքով բեռնված որևէ բեռնատար չի հատել Վրաստանի մաքսային սահմանը. Գեորգի Կակաուրիձե

Պայթուցիկ սարքով բեռնված որևէ բեռնատար չի հատել Վրաստանի մաքսային սահմանը. Գեորգի Կակաուրիձե
Հայաստան
17:49, 12 октябрь 2022
Պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը։

«Պայթուցիկով բեռնված որևէ կցորդիչ կամ վագոն չի անցել մաքսային սահմանը։ Եթե ինչ-որ մեկը ողջամտորեն հիմնավորի, որ անցել է Վրաստանի սահմանը, ապա այս դեպքում հետաքննություն կսկսվի, և պատասխանատու անձինք կբացահայտվեն»,- ասել է Կակաուրիձեն։

Նրա խոսքով՝ մեղադրանքների հետևում որևէ փաստարկ չկա։

«Թե ինչպես են աշխատում, ինչ վերահսկողություն են իրականացնում մաքսային ծառայությունները, լավ գիտեն մեր բոլոր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները: Մենք նրանց հետ անընդհատ ենք համագործակցում»,- ասել է պաշտոնյան։

Նշենք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հետաքննությամբ պարզել է, որ Ղրիմի կամրջի պայթյունի համար նախատեսված պայթուցիկ սարքը շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթներով քողարկվել է ավելի քան 2 տոննա ընդհանուր քաշով 22 ծղոտե ներքնակով և օգոստոսի սկզբին ուղևորվել «Օդեսայի ծովային նավահանգստից բուլղարական Ռուսե քաղաք: 
Ըստ ԱԴԾ հաղորդագրության՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով, և կատարվել Է փաստաթղթերի փոխարինում, որից հետո այն արդեն «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ուղարկել է (Հայաստանի Հանրապետություն, ք. Ալավերդի. ), իսկ ստացողը լինելու էր «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա):

Անդրադառնալով ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի մասին մամուլում առկա հրապարակումներին՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել, ըստ որի՝ պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով:

2022 թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:53-ին, տենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդն է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

«Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարագրով «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստը»,- ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ: