Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համապետական ծառատունկին տնկվել է 451 000 տնկանյութ

Համապետական ծառատունկին տնկվել է 451 000 տնկանյութ
Հայաստան
11:12, 06 ноябрь 2022
Համապետական ծառատունկի ընթացքում հանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ է իրականացվել, տնկվել է 451 000 տնկանյութ։ Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում։
 
 
«Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։
 
 
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
 
 
Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, հացենի, թեղի, խնձորենի, թխկի, կաղնի, կեչի, արջատխիլ:
 
 
Համապետական ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ՊՈԱԿ-ներով, պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում»,- նշված է գրառման մեջ։