Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1998-ին տեղի է ունեցել աղետալի սխալ՝ Արցախը դուրս է թողնվել բանակցային գործընթացից. Եթե դա չլիներ, ԼՂ հարցը վաղուց կարգավորվել էր. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դիտարկմանը, որ Սոչիի հանդիպումից առաջ ՀՀ վարչապետը արցախյան պատվիրակությունից ընդունել է միայն Արայիկ Հարությունյանին, ասաց. «Ինչ-որ փաստական սխալ կա. ես ընդունել եմ Արցախի պատվիրակությանը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Բայց մենք ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այս ընթացքում տասնյակ հանդիպումներ ենք ունեցել և ունենում: Մենք ամեն ինչ չէ, որ լուսաբանում ենք»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «2018 թվականից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ: Ամեն բանակցությունից առաջ և հետո Արայիկ Հարությունյանի հետ զրույց ենք մենք ունենում: Ինչ ես եմ փոխանցում Արայիկ Հարությունյանին, նա էլ իր հերթին փոխանցում է ԼՂ քաղաքական վերնախավին»:

Անդրադառնալով Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը և հարցին՝ հակասություն չկա՞, երբ Արցախը ակնկալում է, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր շահերը, իսկ Հայաստանի կարծիքով՝ Արցախը պետք է առանձին բանակցի Ադրբեջանի հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, հակասություն չկա իրականում, եթե հակասություն կա, այդ հակասությունն առաջացել է մի շատ մեծ սխալի հետևանքով, որ 1998 թվականին Արցախը դուրս է թողնվել բանակցային պրոցեսից. դա աղետալի սխալ էր, որի հետևանքները մինչ օրս կրում ենք: Արցախը պետք է լինի միակ խոսողը ԼՂ խնդրի կարգավորման և ԼՂ հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այո, ես շարունակում եմ մտածել այդպես, որ, այո, ԼՂ ներկայացուցիչները պետք է լինեն խոսակցության կողմ. սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է: Այո, մենք կարծում ենք, որ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն: Ավելին ասեմ՝ եթե 1998-ին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց կարգավորվել էր»:

Վարչապետի համոզմամբ՝ ԼՂ մեր հայրենակիցների հաջողության գրավականը այնտեղ ապրելն է, այնտեղ աշխատելն ու արարելը. «Եվ ՀՀ-ն բոլոր հնարավոր պայմանները ստեղծում է դրա համար. ԼՂ բյուջեն իր ողջ պատմության մեջ երբեք չի եղել այնքան, որքան այսօր է»: