Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նարեկն ու մյուսները դիտարկման կետից տեսել են, թե ինչպես են իրենց հրամանատարին և ենթասպաներին սպանել»․ 19-ամյա հերոս Նարեկ Սողոմոնյանը զոհվել է Ջաբրայիլի մարտերում

«Նարեկն ու մյուսները դիտարկման կետից տեսել են, թե ինչպես են իրենց հրամանատարին և ենթասպաներին սպանել»․ 19-ամյա հերոս Նարեկ Սողոմոնյանը զոհվել է Ջաբրայիլի մարտերում
Հայաստան
20:12, 21 апрель 2021
«Նարեկը շատ լավ էր սովորում դպրոցում։ Ես ծրագրավորող եմ ու ինքն էլ հետաքրքրված էր ծրագրավորմամբ։ Ուզում էր, էսպես ասած, իմ հետևից գալ։ Ես ու Նարեկը համարյա միշտ իրար հետ ենք եղել։ Քանի որ ինքն ինձնից 10 տարի փոքր էր, կարելի է ասել, ես եմ իրեն պահել, մեծացրել ու ամեն ինչ արել, որ ինքն իրեն լավ զգա։ Ինքն իրականում շատ լավ մարդ կարող էր լինել։ Բարի էր, ընկերասեր»։ 
 
Այսպիսին է հիշում 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Սողոմոյանին իր  ավագ եղբայրը՝ Հարութը։ Նարեկը եղբոր հետքերով է գնացել։ Մոտ 6 ամիս ծրագրավորաման դասընթացներից հետո՝ մինչ զինվորական ծառայության մեկնելը, ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան։ Քննությունը տվել է և մեկնել,  հետո արդեն իմացել, որ անվճար է ընդունվել։
 
«Նարեկը մեր տան փոքրն էր։ Մեր բոլոր պլանները միմյանց հետ էր կապված։ Մտածում էինք, որ բանակից կգա, կգնանք երկուսով Երևանում կապրենք՝ կաշխատենք, ինքը կսովորի»,- պատմում է եղբայրը։
 
Նարեկ Սողոմոնյանը արդեն 1 տարի և 7 ամիս է, ինչ ծառայել էր և զորացրվելու օրերը շատ մոտ էին, երբ պատերազմը սկսվեց։ Եղբոր խոսքով՝ բանակ գնալուն շատ պոզիտիվ էր տրամադրված։ Զորակոչի օրվա տեսանյութերից մեկում, Նարեկն իրոք շատ բարձր տրամադրություն ունի, և ասում է․ «Պետք է մեր պարտքը տանք մեր հայոց աշխարհին, ծառայենք, վերդառնանք և շարունակենք օգուտ տալ մեր երկրին»։
 
Նարեկը զինվորական ծառայությունը Ջաբրայիլում է անցկացրել և պատերազմի ժամանակ նույնպես այնտեղ կռվել։ Հարութը պատերազմի նախորդ օրն է խոսել եղբոր հետ ու պատմում է, որ նրանք արդեն տեղյակ են եղել, որ պատերազմ է սկսվելու․ «Ազդանշան ա եղել, հետո, իհարկե, ասել են, որ ազդանշանը սխալմամբ է եղել, բայց դե ամսի 27 -ին արդեն սկսվեց պատերազմը»։
 
Նարեկը սեպտեմբերի  27-ից հետո հոկտեմբերի 5-ին է միայն կարողացել կապ հաստատել ընտանիքի հետ ու պատմել եղբորն այդ օրերի մասին։
 
«Երբ  զենք են ստացել, իրենց վկայականները բոլորը տվել են, որ վերցնեն ու այդ ժամանակ իրենց զորամասը ռմբակոծել են։ Իրենք զենքերով ուղղակի հասցրել են զորամասից փախնեն, ու վկայականները թողել են էնտեղ։ Ինձ ասեց, որ մոտն ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չկա։ Միայն իր մարմինը, երբ   գտել էին հետո, Հոկտեմբերյանում պատվաստման թուղթն էր եղել մոտը», - պատմեց եղբայրը։
 
Հարութի խոսքով՝ զորամասի վրա հարձակումից հետո Նարեկն ու մյուսները  թաքնվել են մի թմբի մոտ, որտեղ դիտարկման կետ կա ու այդտեղից  տեսել, թե ինչպես են իրենց հրամանատարին և ենթասպաներին սպանել։ 
 
«Ինքը «մալադոյների» սերժանտ է եղել ու իրենց հետ է եղել։ Իսկ վաշտի հրամանատարը, ով 28 տարեկան էր, անունը Հայկազ, ոնց հասկացա, պատերազմի ընթացքում իրենց հետ  չի եղել, ոնց որ թե փախել է։ Նարեկենք մնացել են մենակ», - պատմում է նա։
 
Հարութի խոսքով՝ Ջաբրայիլի զորամասի ռմբակոծումից հետո եղբայրն ու մյուսները նահանջել են Արա լեռ։ Այնտեղ իրենց ոչ ոք ցուցում չի տվել, որից հետո հետ են գնացել դեպի Հադրութ։ 
 
«Երկու օր այնտեղ մնալուց հետո՝ արդեն ամսի 8-ի առավոտյան,  իրենց գնդապետն իրենց տեղափոխել է  ինչ-որ «Դեվյատիյ կիլոմետր» անունով տեղ՝ սահմանը հսկելու։ Հոկտեմբերի 8-ի գիեշրը՝ լույս առավոտյան, հարձակում է եղել։ Ոնց հասկացել եմ, թշնամու մեծ քանակությամբ «սպեցնազ» է եղել  ու, քանի որ Նարեկը «մալադոյների»  սերժանտ էր, իրենց հանում ա դիտակետ, ինքը իջնում,  որ մյուս «մալադոյներին»  պատրաստի»,- պատմում է Հարութը։
 
Հենց այդ ժամանակ էլ հակառակորդը հարձակում է գործել, ու նրանք, ովքեր դիտակետում են եղել, կարողացել են ինչ-որ կողմով փախչել, իսկ Նարեկն՝ իր 11 զինվորներով, չեն կարողացել դուրս գալ այդտեղից ու զոհվել են։
 
Հարութը եղբոր հետ վերջին անգամ հոկտմեբերի 8-ի առավոտյան է խոսել։ 3 օր լուր չունենալուց հետո ամսի 11-ին՝ Նարեկի վեջին անգամ զանգած  հեռախոսահամարին է զանգել, քանի որ նրա համարն անհասանելի է եղել։ Զանգին պատասխանել է Նարեկի նորակոչիկներից մեկը, ով Սիսիանի հոսպիտալում վիրավոր պառկած է եղել ու սկզբում ասել է, որ Նարեկից տեղյակ չէ․  «Ասում էր՝  մութա եղել, չի տեսել, բայց իրենց վրա հարձակվել են, կրակել։ Չգիտի՝ Նարեկի վիճակն ինչպես ա։ Հետո՝ մի 2 րոպեից, նորից զանգեց, թե դու Նարեկի ի՞նչն ես։ Ասացի, որ եղբայրն եմ, ու արդեն ասաց, որ իրականում Նարեկը զոհվել է, նրանց խփել են»։
 
Հետագայում Նարեկի ընկերը՝ Տիգրանն է Հարութին որոշ մանրամասներ պատմել եղբոր մահվան մասին։ Ասել է, որ նրանք գտնվել են ինչ-որ թմբի մոտ, որի ձախ կողմում ինքն է իր զինվորների հետ պաշտպանել, իսկ աջ կողմում՝ Նարեկը։  Չնայած դրան, ընկերներն իրար այնքան մոտ են եղել, որ կարողացել են հեռվից ձայնով խոսել միմյանց   հետ։ Նարեկը աջ կողմ գնալուց՝ հրաժեշտ է տվել ընկերոջը, իսկ  ընկերը ասել՝ ինչու՞ ես հրաժեշտ տալիս, մի 2 ժամից կգամ քեզ մոտ։ Այսպես,  Տիգրանը բարձրացել է թմբի ձախ կողմ։ Թշնամին, սակայն, աջ կողմից է հարձակվել ու Նարեկը չի կարողացել փրկվել։
 
«Սկզբից, դե ահավոր է։ Չես կարողանում հավատալ դրան, բայց հետո Նարեկենց չաստից ում հարցնում էի, նույն բանն էին ասում ու կարելի ա ասել հոկտեմբերի 12-ին արդեն տեղյակ ենք եղել իր մահվան մասին, ուղղակի չէինք հավատում, մինչև  նոյեմբերի 29-ը, երբ գտանք Նարեկի մարմինը», - պատմեց Հարութը։
 
Նարեկի մարմինը գտել են մահվանից 2 ամիս անց, և ևս 2 ամիս էլ ընտանիքը սպասել է ԴՆԹ-ի պատասխանին։ Նրան հուղարկավորել են իր հայրենի՝ Արմավաիրի մարզի Մրգաշատ գյուղում, եղբայրական գերեզմանոցում։ 
 
 
Սյուզի Սիրականյան