Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կենտրոնը ստեղծվել է մեր ցավերը ամոքելու համար»․ «Զինվորի տունը» նոր պրոթեզավորման կենտրոն ունի

«Կենտրոնը ստեղծվել է մեր ցավերը ամոքելու համար»․ «Զինվորի տունը» նոր պրոթեզավորման կենտրոն ունի
Հայաստան
13:12, 23 апрель 2021
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ Համալսարանական հիվանդանոցի մեկդարյա պատմություն ունեցող պատմական շենքում հայրենիքի պաշտպանների համար բացվեց Պրոթեզավորման կենտրոն: 

Նախատեսվում է կենտրոնը համալրել ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ վիրավոր զինվորները կունենա որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ:

Կենտրոնի բացմանը ներկա էին մի շարք հյուրեր, այդ թվում՝ ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը,  վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան և այլք։

ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Հայաստան համահայկական հիմնադրամին, Նիդելանդների հայ համայնքին, Երևանի բժշկական համալսարանին , «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին՝  կենտրոնի բացմանն աջակցելու համար։
 
«Անձնական շնորհակալությունս եմ ուզում հայտնել երկու անձի, որոնք իրոք անմնացորդ նվիրվել են այս գործին ու վստահ եմ՝ մնալու են։ Պարոն Մուրադյան, Հայկուհի ջան, շնորհակալություն, առողջ եղե՛ք», - նշեց պարոն Դումանյանը։
 
Միջոցառումը վարում էր նաև կենտրոնում վերկանագնվող զինվորներից մեկը, ով իր խոսքում նշելով, որ չնայած շատ բարդ ճանապարհ են անցել, սակայն շարունակում են միահամուռ մնալ։

Երիտասարդը, նշելով, որ 2021 թվականին Զինվորի տանն առաջին անգամ հատկացվել է պետական ֆինանասվորում Առողջապահության նախարարության կողմից, դիմեց նախարար տիկին Ավանեսյանին․ «Տիկի՛ն Ավանեսյան, մենք գիտենք, որ պատերազմի դաժանությունը նաև Ձեր ընտանիքի դուռն է թակել, և ուզում ենք խոստանալ, որ առողջանալու ենք արագ ու տեր ենք կանգնելու Ձեր հարազատի կյանքի գնով նվաճած խաղաղությանը»։
 
Տիկին Ավանեսյանն իր ելույթում նշեց, որ այն զոհողությունները, որոնց շնորհիվ ունենք այս խաղաղ պահը վայելեու հնարավորությունը, միշտ կարևոր հիշեցում է պետք մեզ, որ բոլորս պարտք ունենք մեր երկրի առջև՝ ամեն մեկս՝ մեր ոլորտում, և պիտի անենք առավելագույնը, որպեսզի մեր հայրենիքը լինի ուժեղ։

«Ամեն զինվոր այստեղով անցնելիս, պիտի զգա այն սերն ու ջերմությունը, որը բոլորիս սրտերում է։ Շնորհակալություն ծրագրի համար», - նշեց նախարարը։
 
Նա նաև հատուկ շնորհակալություն հայտնենց Սփյուռքի ներկայացուցիչներին, այն կարևոր ավանդի համար, որը ներդրել են և որ տեսանելի է ամեն օր։
 
«Այս վերականգնողական կենտրոնը ստեղծվել է մեր ցավերը ամոքելու հիմքի վրա, բայց նաև ծառայելու է հետագայում, լինելու է տարածաշրջանում այն գերազանցության կենտրոնը, որը մեզ հպարտություն պիտի պատճառի», - նշեց նախարարը։
 
Կառավարության որոշմամբ Զինվորի տան շենքը 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման է տրվել՝ ծառայելու այս գործին։
 
Սյուզի Սիրականյան