Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարսի պայմանագրից բխող վտանգը մինչ օրս ակտուալ է և սպառնալիք Հայաստանի համար»․ Ռուբեն Մելքոնյան

«Կարսի պայմանագրից բխող վտանգը մինչ օրս ակտուալ է և սպառնալիք Հայաստանի համար»․ Ռուբեն Մելքոնյան
Հայաստան
15:03, 23 апрель 2021
Այսօր «Հայկական նախագիծ» գիտակրթական հկ-ն Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ միասին կազմակերպել են խորհրդաժողով՝ «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով։

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր խոսքում անդրադարձավ հայ-թուրքական սահմանազատման խնդրին, որն, ըստ նրա, ունի թաքնված սպառնալիք և կարող է ամեն պահի կանգնել ՀՀ պետականության առջև՝ նշելով, որ այս զեկույցի նպատակն է պատկան մարմինների ուշադրությունն ուղղել վերոնշյալ խնդրին։

Մելքոնյանը պատմական հիշեցմամբ ներկայացրեց Կարսի պայմանագրից բխող վտանգը, որը մինչ օրս ակտուալ է և սպառնլիք է Հայաստանի Հանրապետության համար։ Ըստ Կարսի պայմանագրի է Խորհրդային Միության և Թուրքիայի միջև սահմանները գծվել, որոնք վերաբերում են մեզ։

Մելքոնյանի խոսքով՝ սա շատ կարևոր փաստ է, քանի որ Կարսի պայմանագրի ճանաչումը Թուրքիայի համար ունի գերկարևոր նշանակություն և թուրքական հայտնի 3 նախապայմաններից մեկն է․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցում, Կարսի պայմանագրի ճանաչում, որը երբեմն ձևակերպվում է հողային պահանջատիրությունից հրաժարում, և 3-րդը՝ Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծում։

«Այս նախապայմաններից մեկը՝ Արցախի հարցը, թուրքական ագրեսիան, մասամբ, և վստահ եմ խիստ ժամանակավոր, կարողացել է լուծել, բայց հաջորդ երկու նախապայմանները մնում են նրանց օրակարգում։ Սա այն քողարկված թակարդն է, որտեղ կարող է Հայաստանը հայտնվել, հատկապես ոչ հմուտ դիվանագիտության պայմաններում»,-նշեց պարոն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝  առաջին անգամ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանազատում եղել է 1924-1926 թվականներին, և սրանով ուրվագծվել է այն սահմանը, որը հիմա ունենք Թուրքիայի հետ, և սրա հիմքը Կարսի պայմանգիրն է։ Հետագայում տարբեր տարիների՝ կապված տեխնիկական խնդիրների հետ՝ գետի հունի փոփոխություն և այլն, առաջ է եկել նոր սահմաններ գծելու կամ վերասահմանազատման խնդիր, և այդ վերասահմանազատման մի կարևոր դրվագ իր մեջ պարունակում է բավական հետաքրքիր շերտեր։

«Խոսքը 1967-73 թվականներին արված սահմանազատման մասին է՝ վերջին գլոբալ արված սահմանազատումը, որը տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև։ Այն տևել է մոտ 6 տարի։ Ճիշտ է GPS այն ժամանակ չկար, բայց, այնուամենայնիվ, սահմանազատման ժանրի բոլոր կանոններով իրականցվել է այդ հարցը։ Հանձնաժողովներ, յուրաքանչյուր կողմից 12 անդամ, որի մեջ ընդգրկված են եղել տարբեր մասնագետներ՝ քարտեզագիրներ, պատմաբաններ, ռազմական գործիչներ, սահմանապահներ, դիվանագետներ և այլն։ 
Տարիներ տևած բանակցություններից հետո՝ 1973 թվականին, տեղի է ունեցել վերասահմանազատում, այսինքն՝ այսօրվա Հայաստանի և Թուրքիայի կոնկրետ սահմանների գծում»,-նշեց Մելքոնյանը։

Ըստ պարոն Մելքոնյանի, սակայն, սահմանազատման իրավական, պայմանագրային կողմը առավելապես տեխնիկական է և ոչ քաղաքական։ Այնտեղ ուրվագծվում է՝ սահմանը որտեղով է անցնում, գետի որ կողմից և այլն։ Բայց 1973 թվականին Թուրքական կողմը պնդել է, որ այդ պայմանագրին կից հայտարարության մեջ հստակ նշվի խորհրդա-թուրքական սահմանի անխախտելիության մասին և հիշատակվի Կարսի պայմանագիրը՝ որպես հիմք այս ամենի․ «Եվ ի՞նչն է հետաքրքիր, որ Խորհրդային պատվիրակությունը դիմադրել է շատ կարճ և այնուհետ համաձայնվել է այդ տարբերակին։ Այսինքն՝ այդ 73 թվականի պայմանագրով վերահաստատվել է Հայկական տարածքների անօրինական փոխանցումը Թուրքիային, ինչն էլ նշանակում է Կարսի պայամանգրի վերահաստատում է տեղի ունեցել»։

Պարոն Մելքոնյանի խոսքով՝ այդ հանձնաժողովի անդամ և Հայաստանի կողմից ներկայացուցիչ հայազգի գնդապետ Գուրգեն Նալբանդյանը, ամեն կերպ փորձել է բարձրաձայնել, որ սա տեխնիկական պայմանագիր է և այստեղ քաղաքական կամ պատմական հղումներն անթույլատրելի են։ Սակայն, չհասնելով արդյունքի, բավական խիզախ այդ գնդապետը հրաժարվել է ստորագրել պայմանագիրը, և Խորհրդային Հայաստանի ու Թուրքիայի միջև սահամանազատում ենթադրող պայամանգրում չկա նրա ստորագրությունը։

«Սա կարևոր դետալ է։ Խորհրդային Միության շրջանում խորհրդային պաշտոնյան գտել է իր մեջ այնքան համարձակություն, որ ակնհայտ դեմ է գնացել վատ քողարկված թուրքական թակարդի սպառնալիքին»,-նշեց դեկանը։

Գալով մեր օրեր՝ նա նշեց, որ տարբեր առիթներով Թուրքիան պահանջում է, որպեսզի Հայաստանը վերաճանաչի Կարսի պայմանագիրը կամ հայտարարի հողային պահանջատիրությունից հրաժարվելու մասին։ 

«Հարցը ունի 2 շերտ՝ ռեալ պոլիտիկ և, միգուցե, պատմական, քարոզչական, հոգեբանական և այլն։ Առաջինը՝ ռեալ պոլիտիկ տեսնակյունից Հայաստանի անկախ հանրապետությունը Թուրքիայից հողային պահանջներ չունի ու չի ներկայացրել, բայց և երբեք չի հայտարարել Կարսի պայմանագրի ճանաչման մասին։ Երկրորդ շերտը, եթե ներկայացնեմ, քանի որ այդ պայմանագիրը ստորագրվել է թույլ և պարտված Հայաստանի պարագայում, Հայաստանը կամ հայ ժողովուրդը այդպես էլ չի հաշտվել այդ անարդար սահմանազատման հետ։ Եթե զուգահեռներ տանենք այսօվա հետ, ապա իրավիճակը խիստ նման է»։ 

Նրա խոսքով՝ այսօր մենք չենք հաշտվում Շուշիի ու Հադրութի կորստի հետ և, եթե հիմա մեզ ներկայացնեն ինչ-որ փաստաթուղթ, որը ենթադրելու է Հադրութի և Շուշիի ճանաչումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա վստահ է, որ և՛ ժողովուրդը, և՛ գիտական շրջանակները, և՛  պետական գործիչները ընդվզելու են։ Սա դրա նախատիպն է, որովհետև Կարսի պայմանագիրը համանման անարդարության արդյունք է։

«Հիմա այս նախապայմանը առաջ քաշելու նախավերջին դրվագը տեղի է ունեցել Ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ։ Կհիշե՛ք, որ այդ հայտնի արձանագրությունները ստորագրելուց առաջ բավական տևական դադար եղավ և, ըստ էության, մոտենում էր սկանդալ։ Որն էր խնդիրը։ Թուրքական կողմը պահանջել էր ստորագրելուց հետո հանդես գալ հայտարարությամբ, որտեղ ինչպես  1973 թվականին, այնպես էլ 2009-ին կար հետևյալ տողը՝ Կարսի պայմանագրի ճանաչում, սահմանների անխախտելիություն։ Այդ հայտարարության չընդունելու պատճառով, մեր այն ժամանակվա Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել էր ստորագրել»,- նշեց նա։

Պարոն Մելքոնյանը եզրակացնում է, որ այժմ էլ Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը ենթադրում է թուրքական կողմից ևս մի նախապայման։ Այն, ինչ արել են 1973 թվականին և այն, ինչ փորձել են անել 2009-ին։ Նրա խոսքով՝ վտանգ կա, որ Հայաստանին ներկայացվի ինչ-որ կերպ քողարկված Կարսի պայմանագրի ճանաչման կամ վերաճանաչման պահանջ․ «Սա ռեալ պոլիտիկ տեսնակյունից, միգուցե, մեզ համար կթվա անիրականանալի, պարզ է՝ Հայաստանը հիմա Թուրքային չի կարող հողային պահանջներ ներկայացնել։ Բայց մենք պետք է հարցին այլ կողմից նայենք։ Թուրքիան մեր առաջ դրել էր 3 նախապայման․ առաջին նախապայմանին նա մասամբ հասել է։ Սա այն քողարկված վտանգն է, որը տանելու է թուրքական երկրորդ նախապայմանի իրականացման»։

Մելքոնյանի խոսքով, եթե մեզ համար ռեալ պոլիտիկաի առումով սա նշանակություն այս պահին չունի,ապա Թուրքիայի համար սա ունի գերկարևոր նշանակություն, քանի որ Հայաստանը այստեղ ևս մեկ անգամ, երկրորդ նախապայմանը ընդունելով, արձանագրելու է իր պարտությունը։