Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է վստահ լինենք, որ հարձակման դեպքում Հայաստանը մենակ չի լինելու. ՀՀ նախագահ

Մենք պետք է վստահ լինենք, որ հարձակման դեպքում Հայաստանը մենակ չի լինելու. ՀՀ նախագահ
Հայաստան
11:43, 17 январь 2023
Գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակ ունեն, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակումից հետո ՌԴ-ի հետ խնդիրներ են առաջացել: Այս մասին հունվարի 16-ին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է վստահել Ռուսաստանին` որպես անվտանգության երաշխավորի։

«Մինչ այդ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ էր իրականացնում Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որևէ երկրի՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ՀԱՊԿ անդամներին, որովհետև դա ՀՀ տարածքում չէր, սակայն սեպտեմբերի 13-ին կոնկրետ Հայաստանի տարածքի վրա էր հարձակումը՝ երեք շրջաններում և տարբեր տեղերում մինչև 7 կմ առաջխաղացում է եղել Ադրբեջանի կողմից: Սա այն դեպքն էր, որ և՛ ՀԱՊԿ անդամ երկրները, և՛ Ռուսաստանը մեզ պետք է նաև ռազմական օգնություն ցույց տային: Մենք ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը մինչև հիմա չեն եղել: Իհարկե, պետք է նշել, որ Ռուսաստանն էլ մասնակցեց պատերազմի կանգնեցման բանակցություններին, որոնց ակտիվ մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը»,-շեշտել է նախագահը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ ռազմական գործողությունները դադարեցվել են:
Նրա խոսքով՝ Հայաստանը, ինչպես և Էստոնիան, փոքր երկիր է, և երկրի անվտանգությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության կարիք ունի։

«Տվյալ դեպքում Էստոնիան Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ է, որոնք քաղաքական և ռազմական անվտանգության երաշխավորներ են, և որն աշխատում է։ Մենք ևս սպասելիքներ ունեինք, որ կաշխատեին, բայց ինչ-որ առումով այդ սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան»,- շեշտել է Խաչատուրյանը:

Նա ընդգծել է, որ բանակցությունները կշարունակվեն, և ի վերջո Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ կհայտարարի: