Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը «սահմանային միջադեպ» է անվանել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակումը, որի արդյունքում ՀՀ-ն ունի առնվազն 135 զոհ, կորցրած տարածք, վիրավորներ և գերիներ

Պուտինը «սահմանային միջադեպ» է անվանել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակումը, որի արդյունքում ՀՀ-ն ունի առնվազն 135 զոհ, կորցրած տարածք, վիրավորներ և գերիներ
Տարածաշրջան
17:32, 17 сентябрь 2022
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը Ղարաբաղի հետ կապ չունի։ Այս մասին Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Սահմանային վերջին միջադեպն ընդհանրապես կապ չունի Ղարաբաղի հետ, այն բոլորովին այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»,-ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ սահմանին հակամարտությունը տեղայնացվել է, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցությամբ։ «Մենք ցավում ենք տեղի ունեցածի եւ զոհերի համար։ Ռուսաստանի ազդեցությամբ կոնֆլիկտը տեղայնացվել է, եւ ես հուսով եմ, որ դա կշարունակվի ապագայում»,-ասել է Պուտինը։

Ստացվում է՝ Հայաստանի վրա հարձակումը դաշնակից երկրի ղեկավարը սահմանային միջադեպ է համարում, այն դեպքում, երբ 3-օրյա պատերազմական գործողությունների արդյունքում Հայաստանն ունի առնվազն 135 զոհ, կորցրած 10 կմ քառակուսի տարածք, բազմաթիվ վիրավորներ և գերիներ։
 
Նշենք, որ Ադրբեջանի հարձակման գիշերը Հայաստանը դիմել էր ՌԴ-ին՝ 1997 թ ռազմական փոխօգնության պայմանագրի գործարկման խնդրանքով և ՀԱՊԿ՝ դրա կանոնադրության 4-րդ հոդվածով, սակայն ռազմական որևէ օգնություն մինչ այժմ չի ստացել։