Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը դեպի Իրան տարեկան մինչև 7-7.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա. երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը հնարավոր է ավարտին հասցնել մինչև տարեվերջ. փոխնախարար

Հայաստանը դեպի Իրան տարեկան մինչև 7-7.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա. երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը հնարավոր է ավարտին հասցնել մինչև տարեվերջ. փոխնախարար
Հայաստան
16:09, 20 январь 2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կավարտվեն Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները:

Թեև Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը սկսվել է դեռ 17 տարի առաջ՝ 2006-ին, սակայն, փոխնախարարի խոսքով՝ աշխատանքները սկսվել են 2015-2016 թթ.: «Մինչև 2018 թվականի փետրվար-մարտ ամիսների վերակնքումները ընդհանուր ծավալից 1-2 տոկոս աշխատանք էր կատարված: Իրականում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներից են սկսվել լայն թափով աշխատանքները»,- ասաց Վարդանյանը: Այդ ընթացքում կորոնավիրուսի համավարակի, պատերազմի հետևանքով որոշակի դանդաղումներ եղել են: Փոխնախարարի խոսքով՝ դանդաղումները եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

«Հուսով ենք, որ այս տարվա ավարտին ամբողջությամբ կավարտենք Իրան-Հայաստան ծրագիրը, այսինքն՝ գիծը մինչև Հրազդան պատրաստ կլինի»,- նշեց Վարդանյանը: Երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո փոխհոսքի հնարավորությունները ներկայիս 340 մեգավատի փոխարեն դառնալու են ժամում 1200 ՄգՎ: Դա նշանակում է, որ Հայաստանը տարեկան մինչև 7-7.5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա, եթե էլեկտրաէներգետիկական ռեժիմները դասավորվեն ամենաիդեալական վիճակում:

Միջինում մինչև 5.5-6 մլրդ կՎտ/ժ հնարավոր կլինի արտահանել: Կառուցման համար վարկը տրամադրել է Իրանական արտահանման զարգացման բանկը, կապալառու ընկերությունը ևս իրանական է ՝«Սամիր»-ը: Հայկական կողմն,ըստ փոխնախարարի, պատվիրատու է հանդիսանում:  Վարդանյանի վստահեցմամբ՝ խոչընդոտների 90 և ավելի տոկոսը հիմա վերացել է: Հայկական կողմից խնդիր չկա, կապալառու ընկերության ֆինանսական խնդիրներն էլ հաղթահարվում են: Վարդանյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ:

Վովա Հակոբյան