Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեպի Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գիծն ենք կառուցում արտահանելու համար․ նախատեսում ենք դեպի Վրաստան ևս կառուցել․ ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ. տեսանյութ

Civic.am-ի զրուցակիցն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը:

-Պարոն Մելքոնյան, Հայաստանը երկար տարիներ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցում է Իրանի հետ՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։ Այս տարի էլեկտրաէներգիա է արտահանում նաև Վրաստան։ Ե՞րբ է սկսվել արտահանումը և ի՞նչ ծրագրի շրջանակներում է իրականացվում։ 

-Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանումն իրականացվում է մի քանի ամիս: Վրացական կողմից առաջարկ է եղել էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստանից և 2022թ. արդեն առաջին եռամսյակում շուրջ 168մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա է արտահանվել Վրաստան: Եթե պահանջարկ լինի և շահավետ լինի կշարունակենք արտահանումը:

-Իսկ Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիա ներկրելու հարցում ի՞նչ անկնկալիքներ ու խոչընդոտներ կան։

-Մենք սերտ համագործակցում ենք Վրաստանի հետ և անհրաժեշտության դեպքում նաև Հայաստան ենք ներկրում: Մասնավորապես՝  անցած տարի ատոմակայանի կանգառի ժամանակահատվածում մենք ներկրել ենք էլեկտրաէներգիա Վրաստանից, նաև վրացական կողմի հետ ունենք վթարային մատակարարումների վերաբերյալ պայմանագիր` մեր էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններն ու վրացական համապատասխան ընկերությունները սերտ համագործակցում են և անհրաժեշտությունից ու շահավետությունից ելնելով կարող ենք էլեկտրաէներգիա և՛ արտահանել Վրաստան, և՛ Վրաստանից ներմուծել:

-Իրանից եկող գազը Հայաստանի գազի պահանջարկի քանի՞ տոկոսն է կազմում և հիմա երբ Հայաստանը մտել է վրացական շուկա, Հայաստանն իրեն ավելի ձեռնտու պայմաններ թելադրելու է Իրանին էլեկտրաէներգիան գազով փոխանակելու հարցում։ 

-Գազի շուրջ 15 տոկոսը ներմուծվում է Իրանից, որը վերածվում է էլեկտրաէներգիայի և արտահանվում է Իրան: Ես չէի կապի իրար Վրաստան արտահանվող և Իրան արտահանվող այդ գործարքները: 

-Դեռևս 2019թ.-ին Նիկոլ Փաշինյանը Իրան կատարած այցի ժամանակ կարեւորել էր Իրանի հետ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության խորացումը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։

-Իհարկե ձեռնարկվել են, էներգետիկայի ոլորտը հանդիսանում է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների լոկոմոտիվը և մենք տարիներ շարունակ իրականացնում ենք սերտ համագործակցություն այս ոլորտում: Նախորդող տարիներին ակտիվացել են Իրան-Հայաստան 400 կիլովոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները և ամեն ինչ անում ենք, որ գծի և ենթակայանի կառուցումը մյուս տարի ավարտենք, որն էապես կավելացնի էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը, առկա ենթակառուցվածքների թողունակությունը: Մեր իրանցի գործընկերների հետ ներկայումս քննարկում ենք «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետի երկարացումը: 

Նախատեսում ենք դեպի Վրաստան կառուցել 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գիծ, նաև ինչպես նշեցի դեպի Իրան 3-րդ էլեկրահաղորդման գիծն ենք կառուցում: Այս ենթակառուցվածքներն ունենալով մեզ համար էական հնարավորություն կստեղծվեն տարանցման` էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման փոխհոսքերի իրականացման համար:

-Ե՞րբ է նախատեսվում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը և եթե ունեք տեղեկություններ, խնդրում եմ տրամադրեք` արդյո՞ք Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությամբ արդեն իսկ Թուրքիայում ավարտման փուլում է Թուրքիայի ատոմակայանի կառուցումը:

-Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազամավարության ծրագրում նշել ենք, որ կառավարության նպատակն է Հայաստանում գործող ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնենք մինչև 2036թ.-ը: Առաջնահերթությունը դա է և նպատակն է 2036թ. այն փոխարինել նոր միջուկային էներգաբլոկով: Ներկայումս մենք ուշի ուշով հետևում ենք ոլորտի զարգացումներին, որպեսզի որոշում կայացնենք ինչ հզորության, ինչ մոդելի, ֆինանսական ինչ կառուցվածքով, ներդրումների ինչ քանակով էներգաբլոկ պետք է կառուցենք: Ռուսական կողմի հետ ենք քննարկումներ օիրականացնում`«Ռոսատոմ» պետական կորպորացիայի, ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, արդեն գումարել ենք առաջին նիստը և համատեղ աշխատում ենք այդ ուղղությամբ:

Թուրքիայում իսկապես կառուցվում է նոր ատոմակայան մեր ունեցած տեղեկատվության համաձայն 4800 մեգավատ հզորությամբ 4 էներգաբլոկներ են կառուցվում :

-Նոր ատոմակայանը, որն ակնկալվում է կառուցել Հայաստանում ի՞նչ հզորության է լինելու, արդյո՞ք բավարարելու է և Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկն իրացնելու և էլեկտրաէներգիա արտահանելու համար:

-ՀՀ-ն այսօր էլ էլեկտրաէներեգիայի առումով ինքնաբավ է, մեր ունեցած հզորությունները լիովին բավարարում են մեր ներքին պահանջարկը: Այո, նոր ատոմային էլեկրաբլոկը կօգնի և ներքին շուկայի պահանջարկի մեծ մասը բավարարելուն և մյուս հզորությունների հետ համատեղ արտահանման հնարավորությունները կմեծանա:

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն` տեսանյութում