Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նուբարաշենի խճուղին հեղեղվել է. վարորդներն անցնելիս մեքենաների մասեր ու համարանիշներն են կորցնում

Նուբարաշենի խճուղին հեղեղվել է. վարորդներն անցնելիս մեքենաների մասեր ու համարանիշներն են կորցնում
Հայաստան
19:09, 30 апрель 2021
Վաղ առավոտից Երեւանի Նուբարաշենի խճուղին հեղեղված է կեղտաջրով: Մեքենաների համար դժվարանցանելի է դարձել ճանապարհը, որոշ վարորդներ, մի կերպ անցնելով այդ հատվածը,առանց նկատելու տիղմաջրի մեջ են թողել մեքենայի համարանիշները կամ այլ մասեր:

Նուբարաշենի այդ հատվածում ապրող տղամարդիկ հավաքվել են փողոցի երկու կողմերում եւ ուղղություն են ցույց տվել անցուդարձ անող մեքենաներին, փորձելով օգնել վարորդներին:

Ամեն դեպքում, այս պահին այդ հատվածը դեռ դժվարանցանելի է, հատկապես ցածր մեքենաների համար՝ բավականին բարդ ու ռիսկային:

Նուբարաշենի բնակիչ Արմեն Բալասանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ վաղ առավոտյան ջուրը ահռելի չափերի էր հասնում, փորձություններով մի կերպ է հասել տուն ու պարզել, որ ճանապարհին կորցրել է ավտոմեքենայի «շթի տակի պլաստմասան»: «Ամեն մեկը մի մաս կորցրել է, երեւի արդեն մոտ 50 մեքենայի համարանիշ ենք գտել, մարդիկ կան՝ չեն էլ զգացել, հիմա կգնան, տեղ կհասնեն ու նոր կհասկանան: Այստեղի կանգնած մարդկանցից էլ կան, որ համարանիշ են փնտրում»,- ասաց նա

Քաղաքացին պատմեց, որ կանայք ու երեխաները մեքենաների մեջ էին մնացել, ու ոչ մի կերպ հնարավոր չէր ճանապարհն անցնել. «Ջրի ուղղությունն են փոխել տղաները, վթարված հատվածից եկող ջուրն այլ կողմ է գնում, ուղղակի ջուրն այնքան շատ էր, որ մինչեւ հիմա դեռ այսքան կա»:

Տարածքում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները փորձում էին խնդիրը կարգավորել, բայց դեռ հայտնի չէ, թե երբ կլուծվի:

«Վեոլիա ջուր» ընկերությունն իր աշխատանքն անում է, բայց ասեմ՝ արդեն 4 ժամ է՝ այստեղ եմ, ո՛չ փրկարար ծառայությունից է մեքենա եկել, ո՛չ էլ՝ թաղապետարանից կամ քաղաքապետարանից։ Ոսկե սարեր չենք ուզում, բայց գան, մի բանով էլ իրենք օգտակար լինեն»,- ասաց Արմեն Բալասանյանը:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցածը Գառնիից Երեւան եկող ջրատարի վթարի հետեւանքն է: Ճանապարհին կան անձրեւատարեր, հեղեղատարեր, բայց քանի որ հողային զանգված է եկել, խցանում է առաջացել, ու այդ իրավիճակն է ստեղծվել»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների աշխատակիցներն աջակցում են «Վեոլիա ջուր» ընկերությանը, խնդիրը լուծման ընթացքում է: